Առաջին և երկրորդ նախագահները չեն մասնակցելու Անկախության օրվա տոնակատարությանը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ծրագրում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանել է. «Բավարարվեք այսքանով»:

Դարձյալ Yerkir.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ Քոչարյանը չի մասնակցելու, նաև ընդգծել է, որ այդ հրավերը «ոչ այլ ինչ է, եթե ոչ` կեղծավորություն»:

«Փաշինյանը և նրա վարչակազմը նախագահ Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակն են, և ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գործընթացում: Հիմա, Անկախության տոնին ընդառաջ, փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում: Սա պարզապես երեսպաշտություն է»,- հայտարարել է նա:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից նրա մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել, գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ չհաջողվեց կապ հաստատել։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ Հայաստանի անկախության տոնակատարություններին մասնակցության հրավեր է ուղարկվելու երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

«Դրանով նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանքի ուղերձ է հղվում հանրությանը»,- ասաց Աղաջանյանը։

Մեկնաբանել