Փաշինյանը պատմեց, թե ինչ է բանակցել դռների հետևում

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում խորհրդարանական ուժերի հետ մոտ երկու ժամ դռնփակ բանակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ դրսում հավաքված բազմության մոտ և մանրամասներ ներկայացրեց բանակցություններից։

Լրագրողները նրան հարցեր ուղղեցին, մինչ նա կհասներ իր ելույթն արտասանելու։ Փաշինյանը նշեց, որ ասեցին, խոսեցին, մի քիչ էլ հումոր արեցին։

Հարցին՝ ընդհանուր հայտարարի եկա՞ք, պատասխանեց․

– Չի կարելի ասել ոչ, չի կարելի ասել նաև այո։

Հարցին՝ ձեր նշած ժամկետը շարունակում է ուժի մեջ մնալ, ասաց․

– Այո, իհարկե։

Այնուհետև Փաշինյանը մոտեցավ խորհրդարանի բակում հավաքված բազմությանը և ամփոփեց․

«Սիրելի՛ ժողովուրդ, դուք հաղթել եք, և որևէ մեկը չի կարող ձեզնից խլել այդ հաղթանակը»,- ասաց նա և ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում։

Փաշինյանը խնդրեց քաղաքական որևէ գործչի հասցեին անձնական վիրավորանք չհնչեցնել։ «Եթե էս հարցով մեր մեջ պառակտում է լինելու, դա լավ չի։ Հին իրականության էջը անշրջելիորեն փակված է»։

Նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում․

«Ես գնացի նախ ԵԼՔ խմբակցության սենյակ, այնտեղ միայն Արամ Սարգսյանն էր, հետո իմացա, որ խմբակցությունների ներկայացուցիչները Արա Բաբլոյանի սենյակում են։ Ես բարձրացա այնտեղ և ասացի, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա, մենք այն պետք է հաղթահարենք։ Հանրապետական, Ծառուկյան դաշինք և ՀՅԴ խմբակցությունները ևս համաձայնեցին, որ ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ երկիրը շահած դուրս գա դրանից» ։

Ո՞րն է դրա տարբերակը, հարցադրում արեց նա և պատասխանեց․

«Ես ասացի հետևյալը։ Առաջիկա օրերին, էդ չգիտեմ քանի օր հետո է, պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից և ես ակնկալում եմ, որ խորհրդարան և ՀՀԿ-ն ավելի չգրռի մարդկանց․․․ որովհետև եթե ես հրաժարական տամ, և երեք կուսակցությունները կարողանան վարչապետի թեկնածու առաջադրեն, նրանք պետք է գիտակցեն, որ դա մարդկանց մոտ, հանրության մոտ ռեակցիա է առաջացնելու։

Ես ասացի, որ ճիշտ կլինի․․․ պետք է գիտակցել, որ դա խելամիտ սցենար չէ։ Դա մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք։ Մեղմ ասած՝ վատ արձագանք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է, որ լավ կլինի, որ ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո պատգամավորները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և երկրորդ անգամ էլ չեն առաջադրի, վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում դեկտեմբերին մենք կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ։

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե , ես իրենց անունից չեմ կարող խոսել, վաղը մյուս օրը եթե ինչ-որ տարընթերցում լինի, թող իրենք ասեն։

Ասացին, որ ըստ էության ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին և բանավոր ասացին, որ անկախ հուշագրից իրենք չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու։

Ես ընդամենը պատմում եմ խոսակցությունը, տեղ-տեղ՝ նաև խոսակցությունից տպավորություն; Եթե ինչ-որ բանից սխալ տպավորություն եմ ստացել, թող իրենք այսօր-վաղը-մյուս օրը թող ներկայացնեն իրենց տեսակետները, իրենց հարցազրույցներում թող ասեն, որ վարչապետի թեկնածու առաջադրելու են։

Հարց են տվել՝ ինչն է հիմնավորումը, որ հիմա պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ՝ տնտեսական հարցը, Ղարաբաղի հարցը, թե ինչը։

Ես ասացի, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը պետք է օր առաջ հանգուցալուծվի։ Երկրում կա Ազգային ժողով, որը չի արտահայտում ժողովրդի կամքը։ Ճգնաժամը հանգուացալուծելու մեկ տարբերակ կա՝ արտահերթ ընտրություններ։

Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին։

«Հարց հնչեց, իսկ ինչու դրանք չեն կարող տեղի ունենալ մայիսին։

Ես բերել եմ երկու պատճառ․

Առաջին, երկրում քաղաքական ճգնաժամ է, և եթե որևէ մեկը ասում է՝ եկեք մայիսին անենք ընտրությունը, նշանակում է առաջարկում է ճգնաժամը հետաձգել ևս յոթ ամսով։

Երկրորդ պատճառը,- հիմա վարչապետի կարգավիճակում մեկուկես ամիս զգում եմ,-որ երկրում բոլոր հարցերը մտել են երկրորդ պլան։ Բոլորն ասում են՝ շուտ արեք արտահերթ ընտրություններ։ Ես որպես վարչապետ զգում եմ մարդկանց հստակ պահանջը։ Ով ինչից խոսում է, ասում է՝ արտահերթ ընտրություն արեք»։

Փաշինյանը նշեց, որ ինքը կարող է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցել նաև վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում։ Նա նշեց, որ այդ հարցը կքննարկի այդ կազմակերպության երկրների մի քանի ղեկավարների հետ։

«Մենք այսօր ցույց տվեցինք, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպելը քաղաքացիական, համաժողովրդական պահանջ է։ Եվ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք պատերազմ են հայտարարում ժողովրդին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա խորհրդարանական գործընկերների կողմից ընկալված է։ «Պարզ է, որ այս իրավիճակում նրանցից ոչ ոք չի պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու»։

Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի դռներն այլևս բաց են, այգին բաց է։

Նա նշեց, որ մեկնելու է Փարիզ՝ Ազնավուրի հուղարկավորությանը։

Նա ասաց, որ այս ընթացքում հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը Նյու Յորքում է․ «Նա դժվար թե ժողովրդի դեմ քայլ անի»։

Փաշինյանն ասաց, որ իր հրաժարականը չի կապում քաղաքական ուժերի հետ հուշագիր ստորագրել-չստորագրելու հետ։

«Իմ հրաժարականի պահից քաղաքական բոլոր պրոցեսները կլինի ձեր՝ ժողովրդի վերահսկողության ներքո»։

Մեկնաբանել