Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է մարդկանց ինքնության մի մասը․ զեկույց

Ղարաբաղյան հակամարտությունն այնքան խորն է ներթափանցել տարածաշրջանում ապրող մարդկանց կյանքեր, որ դարձել է նրանց ինքնության անքակտելի մասը․ այսպիսի եզրակացություն է արել International Alert միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր զեկույցում։

Հետազոտության արդյունքները վկայում են՝ հարցվածները ժամանակի հետ սկսել են հակամարտության վիճակն ընկալել որպես «բնականոն»։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս հանգամանքը կարող է խոչընդոտել հակամարտության կարգավորման փորձերին։

«Ես անգամ չեմ մտածում՝ ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե չլիներ այդ հակամարտությունը»,- ասել է հետազոտության մասնակիցներից մեկը։

Ուսումնասիրության կարևորագույն եզրահանգումներից մեկն այն է, որ մարդիկ, ում կյանքի վրա ամենաշատն է անդրադարձել հակամարտությունը, ավելի են հակված դրա խաղաղ կարգավորմանը։ Տվյալ կատեգորիայում են այն մարդիկ, որոնք բնակվում են շփման գծի կամ պետության արտաքին սահմաններին մոտ, հակամարտության անմիջական մասնակիցները, ինչպես նաև զորակոչային տարիքի երիտասարդները։

Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում՝ որքան մեծ են հայրենասիրական տրամադրություններն, այնքան ավելի հեռու է տվյալ անձի բնակության վայրը շփման գծից։

«Հետազոտության արդյունքները մատնանշում են խաղաղաշինական ներուժի գործարկման անհրաժեշտությունը բնակչության շրջանում, որն ուղղակիորեն բախվել է պատերազմի հետ և ունի «մյուս կողմի» ներկայացուցիչների հետ գոյակցության փորձ։ Այդ մարդիկ գիտակցում են հակամարտության կարգավորման կարևորությունը և ունակ են ձեռնարկել գործնական քայլեր խաղաղաշինական նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ»,- ասել է International Alert-ի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Քերի Քավանոն՝ ամերիկացի նախկին դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ։

Մեկ այլ ուշագրավ հետևություն․ հակամարտության տևական բնույթը նպաստում է գենդերային դերերի ավանդական բաշխման պահպանմանը։ Ինչպես արական, այնպես էլ իգական սեռի հարցվածները որպես կանանց առաջնահերթ պարտականություն են տեսնում տնային տնտեսության վարումը, ամուսնու և երեխաների խնամքը։ Չնայած հարցվածների մեծ մասը կարծում է, որ հակամարտությունից տուժում են հավասարապես բոլորը, դրա կարգավորման հիմնական պատասխանատվությունը դրվում է ավագ սերնդի տղամարդկանց վրա։

Ինչպես նշում է International Alert-ը, միակ բացառությունը Լեռնային Ղարաբաղն է, որտեղ բոլոր հարցվածները համոզված են, որ հակամարտության կարգավորման գործում բոլորը պետք է ներդրում ունենան։

Նաև առկա է կարծիք, որ հակամարտությունը շատ մասշտաբային է՝ սոսկ բնակչության ուժերով կարգավորվելու համար։ Շատերը համոզված են, որ այդ խնդրի լուծումը պետք է ստանձնեն իշխանություններն ու արտաքին խաղորդները, միևնույն ժամանակ, վերջիններիս հանդեպ վստահության աստիճանը ցածր է։

International Alert-ի «Խաղաղության տեսլական» նախագիծը 2016-ի Ապրիլյան պատերազմից ի վեր ամենածավալուն հետազոտությունն է, որին մասնակցել է ավելի քան 100 մարդ Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում։

Ստելլա Մեհրաբեկյան

Լուսանկարը՝ Մարկ Կուպերի

Մեկնաբանել