Հայաստանն այսօր ապրում է հերթական բարդ ժողովրդավարական փոփոխությունները․ Լուկաշենկո

Հայ-բելառուսական հարաբերությունները կրում են բարեկամական և գործընկերային բնույթ․ Մինսկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Չնայած ժողովրդավարական Հայաստանում տարաբնույթ դատողություններին՝ ի դեմս Բելառուսի դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ և հուսալի ընկեր։ Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական տարածքում՝ մեր Եվրասիական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում։ Եվ ինչ էլ խոսեն կամ գրեն՝ մենք սրբորեն կատարում ենք մեր պարտավորությունները, ամենը, ինչ դրված է այդ կազմակերպությունների շրջանակում»,- բելառուսական «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։

Խոսելով առևտրատնտեսական համագործակցության մասին՝ Բելառուսի նախագահը այն անվանել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների հիմքը։ Նա նշել է, որ անցյալ տարի առևտրաշրջանառությունը գրանցել է 30 տոկոս աճ՝ հասնելով 45 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նկատել է, որ հաշվի առնելով ներուժը՝ դա ոչինչ է։

«Այսօր կարող էինք ունենալ 150 մլն դոլարի առևտրաշրջանառություն, և դա մեր հարաբերությունները կբարձրացներ ավելի բարձր մակարդակի։ Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք՝ ձերը։ Հետևաբար ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կարճ ժամկետներում կդիտարկենք և կընդունենք համապատասխան որոշումը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Վերջինիս խոսքով՝ «Հայաստանն այսօր ապրում է հերթական բարդ ժողովրդավարական փոփոխությունները»։

«Դա անխուսափելի է։ Եվ, իհարկե, ինձ համար շատ կարևոր է ստանալ տեղեկատվություն առաջին ձեռքից՝ իմ ընկերոջից և գործընկերոջից»,- ասել է Լուկաշենկոն՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան գործուղված բելառուս լրագրողներին աջակցելու և հարցազրույց տալու համար։

«Մենք ի դեմս Ձեզ՝ տեսնում ենք այն մարդուն, որն անաչառ է և պատրաստ է պահպանել հարաբերությունները Բելառուսի հետ։ Մենք նույն կերպ կարձագանքենք»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանել