ԱՄՆ-ը ողջունում է Երևանի և Բաքվի «կառուցողական շփումները», խրախուսում է երկխոսությունն ու վստահության միջոցները

ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին և ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին կառուցողական շփումները․ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը։

«Միացյալ Նահանգները ոգևորված է կողմերի միջև վերջին կառուցողական շփումներով՝ երկրի ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս շփումները, կարծես, ուղիղ և դրական օգուտ են բերում։ Բոլոր երեք համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այսօր հաղորդեցին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում վերջին երկու ամիսներին բռնության նվազման մասին։ Կողմերը պետք է օգտվեն սրանից և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղիներ գտնեն։

Համանախագահներն առաջարկել են մի շարք գործողություններ, որոնք կողմերը կարող են իրականացնել լարվածությունը թուլացնելու և հաղորդակցությունը բարելավելու նպատակով։ ԱՄՆ-ն աջակցում է այս հանձնարարականներին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք միտված են շփման գծի երկայնքով լարվածության կրճատմանը, որոնց թվում՝ անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումն ու հետաքննական մեխանիզմի հաստատումն են։

Միացյալ Նահագները հավատացած է, որ արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ այս միջոցների ներդրման շուրջ քննարկումներին։

Պարոն նախագահ, հակամարտությունը շատ երկար է շարունակվում։ Ժամանակն է, որ կողմերը ձեռնպահ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախատինքներից և իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության։ ԱՄՆ-ն աջակցում է վստահության կառուցման և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ընդլայնմանն ուղղված միջոցներին, որոնք կարող են կայունացնել անվտանգությունն ու հաստատել ավելի կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար։

Երկխոսության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան դա անելու ազատորեն, առանց սպառնալիքների ենթարկվելու վախի կամ պարսավանքի՝ հայրենիք վերադառնալուց հետո։

Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահների վճռական ներգրավվածությամբ։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը վերջին շաբաթներին Հայաստան ու Ադրբեջան է գործուղել բարձաստիճան պատվիրակներ՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին և պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթին։

Դեսպան Կասպրչիկ, մենք ողջունում ենք տեղում իրավիճակի գնահատման Ձեր աշխատանքը և Ձեր թիմի ջանքերը՝ միտված թափանցիության և կողմերի միջև վստահության առաջմղմանը։ Այս աշխատանքն անփոխարինելի է և վայելում է մեր լիարժեք աջակցությունը։

Միացյալ Նահանգները հավատացած է, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Ստատուս քվոն անընդունելի է։ ԱՄՆ-ը հանձնառու է կողմերի հետ աշխատանքին՝ գտնելու տևական և խաղաղ լուծում՝ հիմնված բռնության չկիրռաման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության, ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք ամրագրված են Հելսինկիի եզրափակիչ ակտում»,- ասված է Մակրիսի հայտարարությունում։

Մեկնաբանել