Ալիևը շնորհակալ է Բելառուսին ԼՂ հարցում նրա դիրքորոշման համար

Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններն անցնում են «որակական նոր մակարդակի»․ այս մասին ասված է այսօր Մինսկում Ադրբեջանի և Բելառուսի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում։

Ինչպես փոխանցում է բելառուսական Belta գործակալությունը, հայտարարությունում «արտացոլված են ոչ միայն ընդհանուր մոտեցումները մի շարք արտաքին քաղաքական հարցերի և միջազգային հարթակում փոխօգնության վերաբերյալ», այլև «էական նշանակություն է հատկացվում տնտեսական փոխգործակցության հիմնական ուղղություններին՝ ինչպես երկկողմ, այնպես բազմակողմ ձևաչափերով»։

Կողմերը, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը տրանսպորտային օպերացիաների ոլորտում, այդ թվում՝ «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու», «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում։

Բելառուսն ու Ադրբեջանը նաև առավելագույնս նպաստելու են միմյանց տնտեսական ներուժի իրացմանը, փոխադարձ առևտրի ծավալների աճին, խթանելու են համագործակցությունը մեքենաշինության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, նորարարական ոլորտներում։

Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հարցում Բելառուսի դիրքորոշման համար։

«Մենք շնորհակալ ենք Բելառուսին նման անաչառ դիրքորոշման համար մի հարցի շուրջ, որը չափազանց կարևոր է մեզ և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը։

Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չեն լինելու. Լուկաշենկոն՝ Ալիևին

Մեկնաբանել