ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չորրորդական է, էականը պարտավորությունների պարզումն է

Եթե ՀԱՊԿ-ում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ստեղծման ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով․ այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է։ Ես ինքս անձամբ ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ։ Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ չեմ ստացել որևէ արձագանք։ Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ։ Դա ի դեպ նախկինում էլ տեղի ունեցել է, և այս գործելաոճը կշարունակվի։ Համենայնդեպս մենք չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն, նաև գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»։

Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ Փաշինյանն ասաց․ «Երեք ամիս առաջ խմբաքանակ մատակարարվել էր, հայտնի «Պոլոնեզ»-ների, որոնց հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ։ Այդ ամենը տեղի էր ունեցել պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում [Յուրի Խաչատուրով – ՍիվիլՆեթ]։

Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք դրանք ուղղված ընդդեմ Հայաստանի ազգային շահերի և կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը։ Ինչպես ասել եմ նախկինում՝ այս փուլի կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է՝ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություններ ունի ռազմաքաղաքական ամեն դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, կազմակերպության նկատմամբ և կազմակերպությունը ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ։ Մենք մեր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում ենք, ինչը ցավոք, չենք կարող պնդել մի շարք գործընկերների դեպքում»։

Փաշինյանի համոզմամբ՝ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էլ կարևոր չէ։

«Այստեղ շատ ավելի գլոբալ և կարևոր հարցեր են քննարկվում։ Խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է ՀԱՊԿ-ի նկատմամբ և ՀԱՊԿ-ի՝ մեր հանդեպ ունեցած պարտավորությունների մասին։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը այս համատեքստում երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական հարց է։ Մենք պետք է հասկանանք՝ այն, ինչ անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանով է երաշխավորում մեր անվտանգությունը։ Սա առիթ է, որ մենք այդ հարցերի համակարգը հասկանանք, դա քաղաքական ճաշակի հարց չէ, այստեղ քննարկվում է Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, և պետք է հասկանալ՝ ինչ ակնկալիքներ ունենք անվտանգության այդ համակարգից և ինչի է պատրաստ այդ համակարգը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ-ի կանոնադրության վերանայման հարց բարձրացնել, Փաշինյանը պատասխանեց, որ կանոնադրության փոփոխության հարց չկա, պրակտիկայի փոփոխության հարց կա։

«Մենք ասում ենք, որ տարօրինակ է, որ ՀԱՊԿ խոսակցությունը… դաշինքի անդամ երկրի հակառակորդ երկրին, որն ամեն օր սպառնում է, որ նրա մայրաքաղաքը գրավելու է: Հետևաբար, դուք զենքը վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն: Այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը: Ու մենք ոչինչ չասե՞նք: Չի լինելու նման բան: Էդ նախկին կոալիցիոն գործընկերները իրենք էս իրավիճակում ի՞նչ են արել: Ոչ մի բան չեն արել, բերանները ջուր առած նստել են, որովհետև իրենք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի շահերով, այլ՝ էս ինչ տեղն այսքան բիզնես ունենք, էնտեղ այսքան բիզնես ունենք: Նոր իրավիճակն այն է, որ ՀՀ-ն ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ բիզնես չունի և հետաքրքրված չէ Հայաստանի շահերից բխող հայտարարությունը ինչ արձագանք կունենա Մոսկվայում, Աստանայում կամ Բիշքեկում կամ որևէ տեղ ունեցած իր բիզնեսի վրա»:

Մեկնաբանել