Առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է կառավարությանն ուղղված մեղադրանքներին նախընտրական քարոզչության շրջանում։  

ՀՀԿ ցուցակի երրորդ համար, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ օրեր առաջ իր արած հայտարարության համար, թե Հայաստանի ներկա իշխանությունները դավադրության մեջ են Արցախը հանձնելու համար։ ԱԱԾ նախկին պետ Շահնազարյանը չէր գնացել ԱԱԾ և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր ասուլիս էր հրավիրել։

Դեկտեմբերի 5-ին Երևանում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար։ Մեզ մեղադրում են։ Որ մենք լռության մատնենք, պիտի ասեն՝ «ա՜, ուրեմն ծածկադմփոց են անում էս կարևոր հայտարարությունը, բա ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները»։ Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և ընտրություններից առաջ դա պետք է անի, և եթե պարզվի, որ մենք իրոք դավադրության մեջ ենք, մեր ժողովուրդն էլ իմանա, որ մենք դավադրության մեջ ենք և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Եթե պարզվի, որ դա սուտ է, էդ ժամանակ առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»։

Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի