Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ, քանի որ «քննիչը անձնական գործեր ունի»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դեկտեմբերի 28-ին մեկնարկեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի չափի սահմանումը թողել էին դատարանի հայեցողությանը։ Դատարանը շուրջ երկու ժամ դատաքննություն իրականացրեց և տեղափոխեց նիստը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Արամ Օրբելյանը ասաց, որ նիստը հետաձգվել է քննիչի խնդրանքով.

«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս ընդհանրապես նիստերի չեն մասնակցում։ Այսինքն՝ քննիչը խնդրեց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքը շատ զբաղված է ու անձնական գործեր ունի, իսկ պարոն Քոչարյանը կարող է կալանքի տակ մնալ ևս 10 օր, ինքը պետք է գնա։ Դատարանը հետաձգեց նիստը մինչև հունվարի 9-ը՝ առավոտյան»,- հայտնեց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ այսկերպ խախտվում է Քրեական դատավարության օրենսգիրքը: Օրբելյանը հայտնեց նաև, թե քննիչը խնդրել է իրեն ժամանակ տրամադրել դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Նա տեղեկացրեց, որ անգամ այդ միջնորդությունը չի ներկայացվել, քանի որ «քննիչն ասել է՝ գնամ թղթերն ուսումնասիրեմ, կարող է նման միջնորդություն ունենամ»։

Փաստաբանի խոսքով՝ այս գործողությունների արդյունքում դատարանը չի հասցրել քննարկել գրավի միջնորդությունը, դատավորին չի ներկայացվել նաև ինքնաբացարկի միջնորդություն։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել