Քոչարյանի պաշտպանը՝ քաղաքական ճնշումների և իրավական գործընթացների մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նիստից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ և որոշ մանրամասներ ներկայացրեց։ Պաշտպանական կողմն ակնկալում է՝ երկուշաբթի օրը կստանան դատարանի որոշումը։

Օրբելյանն ասաց, որ այս գործով արդեն երրորդ դեպքն են արձանագրում, երբ մեկ օր առաջ կանխատեսվում է ելքը. ««Ժողովուրդ» թերթը ամեն անգամ, ունենալով ինֆորմացիա, գրում է արդյունքների մասին։ Դա երկու հնարավորություն է տալիս։ Չմեղադրելով թերթին՝ կա՛մ թերթն այն աղբյուրն է, որի միջոցով փորձում են դատարանին հասկացնել, թե ինչ որոշում կկայացնի, հուսով եմ՝ այդ չի, կա՛մ էլ թերթն ունի դռնփակ դատական նիստի ընթացքում և դատարանի խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություն։ Խնդիրը կոնկրետ թերթին չի վերաբերում, այլ տեղեկատվության կառավարման կամ տեղեկատվական անվտանգության խնդիրներին»։

Վերադառնալով դատարանի որոշմանը՝ նա ասաց, որ դատարանը չի քննել իրենց միջնորդությունը այն պատճառով, որ կալանավորման և գրավի միջնորդությունը միացրել է իրար։ Կողմը չի բացառում, որ նոր միջնորդություն ևս ներկայացնեն՝ ստանալով դատարանի հունվարի 18-ին կայացրած որոշումը։

Պաշտպանական կողմը տեսնում է որոշակի միտում՝ գրավի վերաբերյալ միջնորդությունները ձգձգելու։

Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ իրենք նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան. «Բողոքը վերաբերում է երկու հարցի, առաջինը՝ դատարանի ձևավորումը, և երկրորդը՝ առկա են քննարկման ոչ ենթակա հանգամանքներ, որ 2008-ի արարքների համար պարոն Քոչարյանը կամ որևէ այլ անձ, չի կարող ենթարկվել պատասխանատվության 2009-ի օրենսդրության փոփոխության հետ կապված։ Մենք ունենք հստակ դեպք, երբ «Յոթի գործով» այդ հիմքով գործերը վերացվել են. դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից»։

Պաշտպանական կողմը գտնում է, որ 2008-ի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխությունից հետո 300.1 հոդվածը և նոր 300-րդ հոդվածը վատթարացնում են անձի վիճակը և չեն կարող կիրառվել Ռոբերտ Քոչարյանի գործով։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Օրբելյանը մասնավորապես ասաց. «Քաղբանտրկյալ լինել կամ չլինելը իրավական համատեքստում ենթադրում է, որ կարևոր չէ փաստը, այլ լինեն իրավունքների կոպիտ խախտումներ, իսկ մենք տեսնում ենք ձայնագրություն և տեսնում ենք, որ գրավի միջնորդույթունն պարզապես չի քննարկվում։ Մենք տեսնում ենք նաև քաղաքական դրդապատճառներ»,- շեշտեց նա։

Պաշտպանը գտնում է, որ Քոչարյանի գործով կա քաղաքական ճնշում. «Որևէ երկրում, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և վարչապետը նման հեռախոսազրույցների տարածվելուց հետո չէին շարունակի պաշտոնավարել։ Մենք տեսանք մի վիճակ, որ տեղի է ունենում հեռախոսազրույց, ցավալի է, որ ԱԱԾ տնօրենի ու վարչապետի հեռախոսազրույցը գաղտնալսում ու հրապարակում են, բայց տեսնում ենք, որ ձայնագրություններում ակնհայտորեն խոսվում է ճնշումների մասին դատարանի նկատմամբ»,- կարծիք հայտնեց Քոչարյանի պաշտպանը։

Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի գործով երկու դիմում ներկայացված է Սահմանադրական դատարան, ևս երկուսը նախատեսում են առաջիկայում ներկայացնել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ուղարկել երկու բողոք, աշխատում են երրորդի վրա։ Օրբելյանի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ից դեռևս արձագանք չկա։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի  27-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին, Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

Գևորգ Թոսունյան