Ադրբեջանում վերջին շաբաթների զարթոնքը հույս է ներշնչում․ ադրբեջանցի բլոգեր Արզու Գեյբուլլաևա

Հունվարի 19-ին Բաքվում տեղի է ունեցել վերջին տարիների խոշորագույն բողոքի ցույցը, որին, ընդդիմության տվյալներով, մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Ընդդիմության կազմակերպած հավաքին հնչել են Ադրբեջանում դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին, մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր։ Երկու տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյնովին դեկտեմբերի վերջին նոր մեղադրանքներ էին առաջադրվել, ի պատասխան բլոգերը հացադուլ էր հայտարարել։ Նրան միացել էին մի շարք ակտիվիստներ և համախոհներ։ Ադրբեջանում ստեղծված իրավիճակին արձագանքել են Եվրախորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ պահանջելով ազատ արձակել բլոգերին։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Հուսեյնովը խնդրել է միջամտել իր գործին։ Ադրբեջանի նախագահի հորդորով դատախազությունը կասեցրել է նոր քրեական գործը։ Ադրբեջանցի հայտնի լրագրող, բլոգեր Արզու Գեյբուլլաևան հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որում անդրադարձել է Ադրբեջանում վերջին շաբաթներին բարձրացած բողոքի ալիքին, բլոգեր Մեհման Հուսեյնովի գործի շուրջ զարգացումներին, քաղաքացիական հասարակության համախմբանն ու հանրային տրամադրություններին։ Գեյբուլլաևան ասում է՝ վերջին շաբաթների զարթոնքն իրեն հույս է ներշնչում, սակայն կարևոր է բաց չթողնել պահը ամեն անգամ, երբ իշխանությունները հետքայլ են անում։

– Ադրբեջանի ընդդիմության պնդմամբ՝ հունվարի 19-ի բողոքի ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Նախկինում նույնպես եղել են բողոքի ցույցեր, քաղբանտարկյալների հարցն էլ նոր չէ, սակայն այս անգամ, կարծես, ավելի շատ մարդ էր մոբիլիզացվել։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը։

– Ցույցերի կազմակերպման հարցում մեծ դեր է խաղացել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մարտական ոգու բարձրացումը։ Մեհման Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքները և հացադուլ սկսելու նրա որոշումը հանգեցրին ոչ միայն իր մտերիմ ընկերների ու գործընկերների, այլև մյուս քաղբանտարկյալների, անգամ՝ շարքային քաղաքացիների համախմբմանն ու միասնությանը։

Իմ համոզմամբ՝ արշավի խթան հանդիսացավ մյուս քաղբանտարկյալների նամակն այն մասին, որ միանում են հացադուլին և պահանջում են ոչ միայն Մեհմանի, այլև երկրում առկա բոլոր մյուս քաղբանտարկյալների ազատությունը։

Կարդացեք նաև՝ Բաքվում տեղի է ունեցել վերջին տարիների խոշորագույն բողոքի ցույցը

Կարծում եմ՝ Ադրբեջանի նման երկրում, որտեղ այդքան ընտելացել ենք անարդարությանն ու բռնաճնշումներին, վերջին շաբաթներին ի հայտ եկած միասնության այդ ոգին ոգևորիչ էր։

Ինչ վերաբերում է ցույցերին՝ Ադրբեջանի իշխանությունները մշտապես ցույցերի մասնակցության ցածր թվեր են հրապարակել։ Թվերի վրա կենտրոնանալու փոխարեն ես ավելի շուտ կշեշտեի միասնության այն ոգին, որին ականատես եղանք վերջին շաբաթներին, արշավն ու անշուշտ արդյունքը՝ Մեհմանի դեմ մեղադրանքների կասեցումը։

Սակայն եթե իշխանությունները փորձում են ցույց տալ իրենց մարդասիրական դեմքը, ինչու չեն կասեցնում մյուս քաղբանտարկյալների դեմ մեղադրանքներն ու անհապաղ ազատ չեն արձակում նրանց։

Մեհմանի դեմ շինծու մեղադրանքների վերացումն ու նրան ազատ արձակելու խոստումը իշխանություններին մարդասեր չեն դարձնում։ Դա միայն վկայում է այն մասին, որ ակտիվիստների դեմ ճնշումն ու անմարդկային վերաբերմունքը մի բան է, որում իշխանությունները շատ արհեստավարժ են։ Եվ եթե չլիներ հացադուլը, միասնությունը, Եվրախորհրդարանի բանաձևը և գլխացավանք հարուցող մյուս բաները, ով գիտի՝ ինչ կլիներ։

Ճշմարտությունն այն է, որ իշխանությունները միշտ էլ հաղթող են լինելու բոլոր խաղերում, որ խաղում են, անգամ այս մեկում՝ այժմ նրանք գովաբանում են առաջնորդի «մարդասիրությունը»։ Այս խաղը գուցեև ավարտվեց, բայց կլինեն նորերը, որում Ադրբեջանի ժողովուրդը մշտապես կլինի խաղալիք ղեկավարության ձեռքում։

– Ընդդիմությունը քննադատել է իշխանությանը Լեռնային Ղարաբաղի հարցում «չափազանց փափուկ» և «խաղաղասեր» լինելու մեջ։ Ի՞նչ է սա նշանակում։

Կարդացեք նաև՝ Ադրբեջան․ Մեհման Հուսեյնովի գործի շուրջ

– Իմ ընկալմամբ՝ ընդդիմության քննադատությունն անպայմանորեն ուղղված չէ վերջին շրջանում բանակցություններում դրական ազդակներին կամ առաջմղման քայլերին, այլ երկու առաջնորդների միջև քննարկվող փաթեթին։ Ընդդիմության գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ փաթեթ է քննարկվում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը նահանջում է «քայլ առ քայլ» կարգավորման ծրագրից, թե՞ դա նշանակում է, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել գրավյալ տարածքները [Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքները նախկին ԼՂԻՄ կազմից դուրս – խմբ․]:

Մեկ այլ հարց վերաբերում է նրան, թե արդյոք Լեռնային Ղարաբաղն անցկացնելու է սեփական հանրաքվեն։ Եվ քանի որ այս բովանդակությունն ու նախորդ բանակցությունները շարունակում են մնալ փակ դռների հետևում, այդ ամենը հիմք է հանդիսանում այս և այլ հարցերի համար։

– Ինչպե՞ս եք գնահատում հանրային տրամադրությունները։ Արդյոք հնարավո՞ր է, որ բողոքի ցույցերը վերաճեն ավելի լայնամասշտաբ շարժման։

– Դժվար է կանխատեսել։ Մի կողմից մարդկանց միասնությունը ինձ հույս է ներշնչում, մյուս կողմից, կարևոր է, որ գործընթացն ավելի խթանվի, ոչ թե մարի այն ժամանակ, երբ կառավարությունը հետքայլ է անում։

Ժամանակը կարևոր գործոն է, ինչպես և կարևոր է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վճռականությունն ու հանձնառությունը, քանի որ հարցը վերաբերում է ոչ թե պարզապես ընդդիմադիր կուսակցություններին, այլ ավելի լայն քաղաքացիական հասարակությանը և այն բանին, թե ինչպես են նրանք փորձելու բաց չթողնել պահը։

– Որքանո՞վ է համախմբված Ադրբեջանի ընդդիմությունը, և եթե ոչ՝ որո՞նք են պատճառները։

Հունվարի 19-ի ցույցերը ընդամենը սկիզբն էին մի բանի, որը կարող է վերաճել ավելի լայն ժողովրդական համախմբման, իրազեկվածության և վերջապես, ավելի հուժկու ընդվզման։ Ինչպես ասացի, այս ամենը նոր, անհայտ մի տարածք է տարիներ տևած բռնաճնշումներից, քաղաքացիական հասարակության թուլացումից և հետապնդումներից հետո։

Ադրբեջանի ընդդիմության հակառակորդը՝ կառավարությունը, շարունակում է պահպանել վերահսկողական բոլոր մեխանիզմների լծակները։

– Հայաստանի Թավշյա հեղափոխությունը որևէ կերպ ազդե՞լ է զարգացումների վրա Ադրբեջանում։

– Վերջին շաբաթների զարթոնքը մեկ հոգու պատմության և նրա ընդվզման շուրջ էր։ Եվ հենց Մեհման Հուսեյնովն էր, որն օգտագործելով միակ հնարավորությունը՝ հացադուլը, անարդարության դեմ դուրս եկավ։ Ընդվզման նրա այս քայլը դրդեց մյուսներին կամ միանալ հացադուլին, կամ միանալ արշավին։ Իհարկե, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող հաշվի չառնվել, սակայն հաստատ դրանք չեն հանգեցրել այն միասնությանը, որին ականատես ենք այսօր Ադրբեջանում։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել