Հայկական բանակի ստեղծումը և պաշտպանության բոլոր նախարարները. 1918-2019

1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայաստանի ՊՆ կայքում (mil.am) գրված է. «1992թ-ին Հանրապետության ղեկավարությունը, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. մենք բռնեցինք ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր և անցավ ո´չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը»:

Թեև Հայկական բանակի օր նշվում է ամեն տարվա հունվարի 28-ին, իրականում, Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1990-ի օգոստոս:

Նորընտիր վարչապետ Վազգեն Մանուկյանը օգոստոսի 21-ին ստորագրեց թիվ 411 հրամանագիրը, որը կրում էր «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»: Ընդ որում, ստորաբաժանումը ձևավորվելու էր կամավորության սկզբունքով:

Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»:

Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը:

Հետագայում Վազգեն Մանուկյանը ասել է. «Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը` ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն»:

Խորհրդային Հայաստանի ներքգործնախարար (1990-1991) Կարլոս Ղազարյանը ասել է. «Ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի հիմնավորեմ Հատուկ գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր: Կառավարության որոշումը կար, բայց Մոսկվան դեռ կար, մենք պարտավոր էինք այդ հարցերը կարգավորել: Ես Հայաստանի ղեկավարությանը` Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, խնդրեցի, որ իմ բացակայության ժամանակ շքերթներ, ցուցադրական այլ բաներ չարվեն, որպեսզի ես Մոսկվային կարողանամ ապացուցել, որ գունդը հասարակական կարգի պահպանման նպատակով է ստեղծված: Բակատինը սեղանին դրեց թերթը և ասաց. «Դուք բանակ ե՞ք ստեղծում»: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:

Սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվել կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարքեր էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:

Կարլոս Ղազարյանը նշում է. «Դժվարություններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ՆԳՆ կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ՆԳՆ աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրեցինք, այլ ներքին զորքերի: ՆԳՆ-ը երկու տեսակ հագուստ ուներ»:

Դուք բանակ ե՞ք ստեղծում: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով

Սեպտեմբերի 15-ին Կառլոս Ղազարյանը՝ Վազգեն Սարգսյանի համաձայնությամբ, Հատուկ գնդի հրամանատար նշանակեց Սերգեյ Առաքելյանին: Սկզբանական շրջանում գունդը կազմված էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկված էին առաջին և երկրորդ գումարտակներում, մեկ դեսանտային վաշտ և սահմանային հատուկ վաշտեր:

Սեպտեմբերի 24-ին գնդի կազմավորման ընթացքին ծանոթանալու համար հավաքակայան այցելեցին Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, հոգևորականներ: Այդ օրը կայացավ զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթ:

«Հասնինք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արդահան»,- երգելով անցնում էին Հատուկ գնդի ներկայացուցիչները: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր նաև վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Սերգեյ Առաքելյանը հիշում է. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստվածաշնչի վրա դնում էինք ձեռքը, մյուս ձեռքին բռնած կարդում է երդման տեքստը, որից հետո ստորագրում»:

Գուրգեն Մելքոնյանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էինք երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունեին, հատկապես մեծ մարդիկ, օձիքներ էին կրել: Սափրված էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մորուքներից հրաժարվել: Ֆիդայությունից դառնում էին զինվորական: Մեծ մասը երդվել էին, որ իրենք իրենց մորուքները կսափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի, կլինի մերը»:

Վազգեն Մանուկյանը ողջույնի խոսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:

Այսպես դրվեց Հայկական բանակի հիմքը:

Դա այն բանակն էր, որ կերտեց Արցախյան հաղթանակը:

Ներկայացնենք Հայաստանի պաշտպանության բոլոր նախարարներին՝ 1918-ից մինչև այսօր.

Հովհաննես Հախվերդյան (1873-1931), եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին, այն ժամանակ՝ ռազմական նախարարը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում (07.06.1918 – 07.08.1919թթ):

Քրիստափոր Արարատյան (1876-1937), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երկրորդ նախարարը վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում (07.08.1919 – 05.05.1920թթ):

Ռուբեն Տեր-Մինասյան (1882-1951), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երրորդ նախարարը վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարության կազմում (05.05.1920-23.11.1920):

Դրաստամատ Կանայան (1884-1956), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական վերջին նախարարը վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարության կազմում (24.11.1920-02.12.1920):

Ալեքսանդր Մյասնիկյան (1886-1925), Հայաստանի խորհրդայնացումից հետո Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) և ռազմական գործերի ժողկոմ:

Հայկ Բժշկյանց (1887-1937), կարճ ժամանակ՝ նախքան Խորհրդային Հայաստանի միացումը ԽՍՀՄ-ին 1922-ին, Գայը եղել է ռազմական ժողկոմ:

Վազգեն Սարգսյան (1959-1999), Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարար Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:

Վազգեն Մանուկյանը 1992-ի հոկտեմբերի 20-ից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը եղել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար՝ 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոս, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:

Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ համապատասխանաբար 1993-ի օգոստոսից մինչև 1995-ի հուլիս և 2000-ից 2007 թվականներին:

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցել է (1999-2000թթ.) Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:

Միքայել Հարությունյանը պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրել է 2007թ. ապրիլի 25-ից մինչև 2008-ի ապրիլ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:

Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9:

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել 2016-ի հոկտեմբերի 3-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին:

Թաթուլ Հակոբյան

Լուսանակարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել