Դաշնակցությունը հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովի արդյունքներով հայտարարություն է տարածել։

«Արձանագրելով, որ

–  Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության,  Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը.

–  Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները.

–  Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես մեկ միասնական ամբողջություն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առավելություններ ապահովել ժամանակակից աշխարհում.

–  Ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում ապագայի նկատմամբ ոգեւորության եւ հույսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշտ հունավորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայության հետագա առաջընթացը.

–  Առաջիկա ժամանակահատվածում Հ.Յ.Դաշնակցությունը գործելու է ներքաղաքական և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական նոր իրողությունների  պայմաններում.

–  Հայկական Սփյուռքի կազմակերպման և զարգացման գործը շարունակում է մնալ Հ.Յ.Դ. համահայկական ռազմավարության էական բաղադրիչներից մեկը.

–  Հ.Յ.Դ.-ն հավատարիմ է հայության Պահանջատիրությանն ու անժամանցելի իրավունքների վերականգնմանը.

 Հայտարարում է՝

–  Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական (սոցիալիստական) իր գաղափարախոսությանը հավատարիմ, Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատության, արդարության և համերաշխության հիմնարար սկզբունքների վրա հիմնված իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն։

–  Հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, թույլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից.

–  Կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականությանը.

–  Որակական նոր թափ է հաղորդելու Հայ Դատի պայքարին.

–  Շարունակելու է աջակցել ջավախահայության իրավունքների պաշտպանությանը.

–  Վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի.

–  Հանդես է գալու հայության ազգային, հոգեւոր հաստատությունների եւ արժեքների պաշտպանության հանձնառությամբ.

–  Խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առավել շոշափելի ներկայությունը։

Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում աշխարհասփյուռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառույցներին՝ համախմբվելու հայության ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ՝ հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստնի կերտման»:

Աղբյոււր՝ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Կարդացեք նաև՝

Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյում

ՀՅԴ Բյուրոն նոր կազմ է ընտրել

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին