Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ի մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է մարտի 1-ի գործով։ Լուրը հաղորդում է նաև «Հետք»-ը՝ կրկին հղում անելով սեփական աղբյուրներին։

«Հետք»-ի աղբյուրների համաձայն՝ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Ըստ լրատվամիջոցի՝ «հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, սակայն չի ավարտվել և պետք է շարունակվի»։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ, որը տեղեկություն չտրամադրեց, միևնույն ժամանակ, չհերքեց լուրը. «Ինչպես բազմիցս ասել ենք՝ տեղեկատվություն չենք տրամադրում, թե ովքեր են հարցաքննվել կամ կհարցաքնվեն այս և այլ քրեական գործի շրջանակներում»։

2018-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, 10 տարուց ավելի ընթացող քրեական գործը նոր թափ ստացավ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, նրանից բացի քրեական գործում ներգրավվեցին նաև այլ պաշտոնատար անձինք։

2018-ի օգոստոսին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը առաջին անգամ հայտարարեց. «Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը՝ առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»։

Կարդացե՛ք նաև

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում

Մարտի 1-ի գործը վերաբացված է․ Քոչարյանը՝ հարցաքննության, Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել