Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք․ վարչապետը՝ ապրանք ներկրողներին

Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստին այսպես արձագանքեց ապրանք ներկրողների դժգոհություններին։

Փետրվարի 13-ին Ազգային ժողովի նիստին խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարչապետ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց, որ հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ, որոնք բողոքում են նոր օրենքից՝ կապված ապրանք ներմուծելու իրավունքը 50 կիլոգրամից 25-ի կրճատելու հետ։ Էնֆիաջյանը նշեց, որ կան շահառուներ, որոնց թիվը հասնում է 500-600-ի, որոնք ոչ առևտրային նպատակներով են ցանկանում ապրանք ներմուծել։

Նիկոլ Փաշինյանն այս փաստը համարում է սուտ․ «Մենք շարունակելու ենք իրար դեմքի նայել և ստե՞լ։ Ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է որոշում կայացնե՞լ։ Չի լինելու այդպիսի որոշում՝ բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, և ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Չեն լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ»։

Վարչապետը, անդրադառնալով բողոքի տարբեր ցույցերին, ասաց․ «Երբ որ կհասնեք այն քանակին, որ մենք կհասկանանք՝ իրար հետ գործ չունենք անելու, իրար ցտեսություն ու շնորհակալություն կասենք, կգնանք մեր գործերով, բայց մենք չենք համաձայնելու իրար երեսի նայել և խաբել մեկս մյուսի։ Խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ0187։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թույլ չի տալու ոչ ոքի իր հետ ստի լեզվով հարաբերվել․ «Հարազատ կլինի, թիմակից, ով ուզում է լինի, ստի վերջը եկել է: Հիմա մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և մեր սիրելի հայրենակիցներին հրավիրում ենք քննարկել այդ հարցը, բայց ասում ենք՝ մի՛ խաբեք մեզ, մենք ձեզ չենք խաբում, դուք էլ մեզ մի խաբեք։ Ով որ ինձ փորձի խաբել, իմ աչքի գրողն է»։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել