Դատավորները կօգտվեն սոցիալական փաթեթից

Հայաստանում դատավորները հնարավորություն կստանան օգտվեու պետության կողմից երաշխավորված սոցիալական փաթեթից։ Նման որոշում կայացվեց կառավարության փետրվարի 21-ի կառավարության նիստում։ Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանը շեշտեց, որ այս որոշումը կօգնի նաև քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի իրացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման որոշումները «պոպուլյար չեն», սակայն իրենք «հնարավոր պայմանները ստեղծելու են, ու դատավորները պետք է սրա-նրա ձեռքին նայելու առիթ չունենան»։

«Կարող է հարց հնչել՝ էս երկրում քաղաքացիների հարցերը լուծվա՞ծ են, որ հիմա դատավորների հարցերն ենք լուծում։ Իհարկե ոչ, բայց կարծում եմ, որ եթե մենք քայլ ենք արել ու 250 հազար քաղաքացիների այդ համակարգում ենք ընդգրկել (սոցփաթեթների և պետպատվերների համակարգ – ՍիվիլՆեթ) բալանսավորված ու ողջամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում»,- նշեց Փաշինյանը։ Կառավարությունը քննարկում է նաև սոցփաթեթի շահառուների ցանկն ընդլայնելու հարցը։

Վարչապետի խոսքով՝ պետական կառավարման ապարատը ավելի գրավիչ պետք է դառնա, ու նաև «դրանից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակն ու արագությունը»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «սա հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը չէ, որ պատերի տակ մարդկանց գնդակահարեն», միաժամանակ, նրա խոսքով, «հին արժեքները վերականգնելու ցանկացած փորձ իրենք կասեցնելու են»։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել