ՀԱԿ-ը ողջունել է Փաշինյանի՝ մարտի 1-ին հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարելիցին նվիրված «հզոր երթ» անցկացնելու նախաձեռնությունը:

«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել Մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, Մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ նախատեսելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ։

Կարևորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս քայլը՝ Կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին»,- ասված է ՀԱԿ գրասենյակի հաղորդագրությունում։

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթ են նախատեսում Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան։

Մեկնաբանել