Առաջարկվում է պոլիէթիլենային տոպրակների նվազագույն գինը սահմանել 100 դրամ

Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գինը՝ 100 դրամ․ նման առաջարկով է հանդես եկել բնապահպանության նախարարությունը։ Իրավական փաստաթուղթը, որը դեռ առաջարկի տեսքով է, հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում։

Նախարարությունում հույս ունեն, որ տոպրակների գինը բարձրացնելով՝ կնվազեցնեն դրանց իրացման ծավալը։ Ներկայում այդ տոպրակները որոշ սուպերմարկետներ տրամադրում են անվճար, իսկ մյուսները՝ հատը 10 դրամ արժեքով։

«Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է 100-400 տարի: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Բացի այդ, նախարարությունն առաջարկում է արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը առևտրի օբյեկտներում 2023-ից։

Ըստ նույն նախագծում ներկայացված վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թթ․ ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8 149 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18 060 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները չորսն են։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել