Օսկարի 91-րդ մրցանակաբաշխության հաղթողները

«Կանաչ գիրք»-ը՝ սևամորթ դաշնակահարի մասին ֆիլմը, որ ճանապարհորդում է իր սպիտակամորթ վարորդի հետ, հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում փետրվարի 24-ին անցկացված Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությանը։

Սա մեկն էր Փիթեր Ֆարելիի կենսագրական դրամայի երեք պարգևներից․ ֆիլմը հաղթեց նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մահերշալա Ալի) և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

Չնայած ֆիլմի լավ վարկանիշին՝ որպես ընկերության մասին մի գեղեցիկ պատմություն, այն նաև քննադատվել է շատերի կողմից՝ համարվելով «կարծրատիպերով լի ֆիլմ ռասիզմի մասին»։

Ֆրեդի Մերկուրիի և լեգենդար Քուինի մասին պատմող «Բոհեմական ռապսոդիան» տուն տարավ Օսկարի չորս արձանիկ՝ դառնալով այս տարվա ամենաշատ անվանակարգերում հաղթած ֆիլմը։ «Լավագույն դերասան» (Ռամի Մալեկ), «Լավագույն մոնտաժ», «Lավագույն ձայնային մոնտաժ» և «Լավագույն հնչյունային ձևավորում»․ 2018-ի ամենաքննարկված ֆիլմերից մեկի գրանցած հաջողությունը սպասելի էր։

Երեկոյի հաջողակներից էր նաև մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» դրաման, որ հիմնված է ռեժիսորի՝ 1970-ականներին Մեխիկոյում անցած մանկության դեպքերի վրա։ Սև ու սպիտակ ֆիլմը հաղթեց երեք անվանակարգում։ «Ռոման» հինգերորդն է կինոակադեմիայի պատմության մեջ, որ առաջադրված էր թե՛ «Lավագույն օտարալեզու ֆիլմ», որում ֆիլմը հաղթեց, թե՛ «Lավագույն ֆիլմ» անվանակարգերում («Զեթ» (1969), «Կյանքը հիասքանչ է» (1998),«Խոնարհ վագր, թաքնված վիշապ» (2000), «Սեր» (2012) ֆիլմերից հետո)։ Ալֆոնսո Կուարոնը, որը նաև ֆիլմի սցենարի հեղինակն ու համարտադրողն է, դարձավ տարվա լավագույն ռեժիսոր։

Ռութ Ի․ Քարթերը և Հաննա Բիչլերը մտան կինոակադեմիայի պատմության մեջ որպես առաջին աֆրոամերիկացիներ, որոնք հաղթում են «Հագուստի դիզայն» և «Արտադրության դիզայն» անվանակարգերում՝ «Սև հովազը» ֆիլմի համար։ Մարվելի կինեմատոգրաֆիական աշխարհի 18-րդ կինոնկարը Օսկարի արժանացավ նաև «Լավագույն սաունդթրեքի» համար։

«Լավագույն դերասանուհու» կոչումը բաժին հասավ Օլիվիա Քոլմանին՝ Յորգոս Լանտիմուսի «Ֆավորիտուհին» ֆիլմում Աննա թագուհու դերի համար։ Սպասվում էր, որ մրցանակը կշնորհվի Գլեն Քլոզին («Կինը»), սակայն յոթ անգամ Օսկարի նոմինացված 71-ամյա դերասանուհին կրկին ձեռնունայն գնաց տուն։

«Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց «Սարդ մարդը․ դեպի սարդոստայն»-ը։ Փիթեր Ռեմսին առաջին սևամորթ ռեժիսորն է, որ հաղթում է այս անվանակարգում։ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը» Դոմի Շիի և Բեքի Նայման-Քոբի «Բաոն» է։

Ռեջինա Քինգին շնորհվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» տիտղոսը՝ «Եթե Բիլ փողոցը կարողանար խոսել» ֆիլմում իր համար։

Սպայկ Լին արժանացավ իր առաջին օսկարին (նա 2015-ին արժանացել էր պատվո մրցանակի)։ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթեց 61-ամյա ռեժիսորի «Սև կլանացին» ֆիլմը։

Կինոքննադատների հավանությանն արժանացած «Իշխանություն» ֆիլմն առաջադրված ութ անվանակարգերից հաղթեց միայն մեկում՝ «Դիմահարդարում և վարսահարդարում»։ Քրիստիան Բեյլը ԱՄՆ նախկին նախագահ Դիք Չեյնիի կերպարը ստանալու համար ենթարկվել էր անճանաչելի փոփոխության՝ գիրացել մոտ 20 կգ, ճաղատացել։ Սակայն այս ամենն Ամերիկայի կինոակադեմիային, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրել։

«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմն» այս տարի Գայ Նաթիվի և Ջեյմի Ռեյ Նյումանի «Մաշկ»-ն էր։

Լեդի Գագայի և Բրեդլի Քուպերի «էկրանային սիրավեպն» առաջադրված էր ութ անվանակարգում («Աստղ է ծնվել»)։ Սակայն ֆիլմին հաջողություն բերեց միայն երաժշտությունը։ “Shallow” երգը խաղընկերները կատարեցին նաև Օսկարի բեմին։

«Վիզուալ էֆֆեկտների» համար գնահատվեցին Փոլ Լամբերտը, Իեն Հանթերը, և Ջ․ Դ․ Շվալը «Մարդը լուսնի վրա» ֆիլմի համար։

Վավերագրական ֆիլմերի շրջանում պատկերը հետևյալն է․ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ»՝ «Ազատ մենություն», «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»՝ «Վերջակետ։ Նախադասության ավարտ։»։

Օսկարի 91-րդ մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված բոլոր ութ ֆիլմերն առնվազն մեկ ոսկե արձանիկով լքեց «Դոլբի թատրոնը»։

Այս տարի մրցանակաբաշխությունը չուներ հաղորդավար։ Նախքան արարողությունը Քեվին Հարթի հետ տեղի էր ունեցել միջադեպ, նա հրաժարվել էր վարել մրցանակաբաշխությունը։ Այսպիսով, երեկոյի բացումն արեցին «Քուին» խմբի անդամները Ադամ Լամբերտի հետ՝ հայտնի “We will rock you” և “We are the champions” երգերով։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել