Միջադեպ «Ռեստարտի» անդամների և ակտիվիստ Նարեկ Մալյանի միջև (լրացված)

Կիրակի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և ակտիվիստ, իշխանությունների քննադատ Նարեկ Մալյանի միջև։ Վերջինիս փորձել են նետել աղբարկղը, սակայն միջադեպի վայր հասած ոստիկանները թույլ չեն տվել։

Մարտի 4-ին կեսգիշերն անց տեղեկություն տարածվեց, որ «Ռեստարտի» անդամները հարձակվել են Մալյանի վրա։ Վերջինս, ըստ «Ռեստարտի» անդամների, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներում մշտապես վիրավորանքներ էր հասցնում իրենց՝ անվանելով «Սորոսի վաստակ» և այլն։

«Ռեստարտի» տղաները, Երևանի կենտրոնում գտնվող Մալյանի տան մուտքի մոտ նրան սպասել են և, ինչպես իրենք են ասում, «վերցրել են» և փորձել նետել մոտակա աղբամանը` ասելով, թե «աղբի տեղը աղբամանն է»։

«Ռեստարտի» տղաները ասել են, որ Մալյանին որևէ վնասվածք չեն հասցրել, չեն հայհոյել։ Մալյանը ինքն էլ հայտարարել է, որ իրեն վնասվածք չի հասցվել։

Ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվելուց հետո երկու կողմերն էլ իրենց ֆեսյբուքյան էջերում ուղիղ եթերի միջոցով պատմել են դեպքի մասին։

Դավիթ Պետրոսյանը, մասանվորապես, ասել է․ «Նարեկ Մալյանը, տեսնելով, որ իրեն ուշադրություն չեն դարձնում, դիմում է հայհոյանքների, շատ լավ իմանալով, որ հայերի մոտ արժանապատվությունն առաջնային արժեքներից մեկն է։ Նա փորձում էր դա օգտագործել և մարդկանց սադրել»։

Նարեկ Մալյանն իր ուղիղ եթերում պնդում է, որ հասցրել է ապտակել Դավիթ Պետրոսյանին, քաշքշել նրան և պատռել հագուստը, ինչը Դավիթը հերքում է։

Ակցիայի մասնակից տղաները տեսագրել են դրա իրականացման ամբողջ ընթացքը, և խոստացել հրապարակել այն։

Դեպքին անուղղակիորեն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով դատապարտել է որևէ հարցի բռնությամբ լուծումը։

Վարչապետի գրառումից հետո «Ռեստարտի» անդամ Գարիկ Միսկարյանը արձագանքել է․ «Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ։ Պատրաստ ենք կրել ամբողջ պատասխանատվությունը՝ օրենքի տառին համապատասխան։ Գործողությունից հետո գնալու էինք մոտակա ոստիկանական բաժանմունք»։

Լրացում

Ռեստարտը հրապարակել է միջադեպի տեսանյութը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել