Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը որևէ պահի չի կարող նվազել. Վանեցյանը՝ «Արմենպրես»-ին

Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի․ այս մասին Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

– Պարոն Վանեցյան, մամուլում լայն քննարկման առարկա է դարձել Արցախում արված Ձեր հայտարարությունները, արձագանք է եղել նաև Ադրբեջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի և սրան են ուղղված մեր ջանքերը:

Փետրվարի վերջին Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրենը հայտարարել էր․ «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ, ընդհակառակը, մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»։

Մեկնաբանել