Վիգեն Սարգսյանը ահազանգում է՝ «բարձունք են հանձնում», Պետգույքի կոմիտեն հակադարձում է

«Կառավարությունը բարձունք է հանձնում»,- իր ֆեյսբուքյան էջում նման ահազանգ է հնչեցրել ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ տեղեկություն տարածելով, որ կառավարությունը փորձում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

Սարգսյանը ափսոսանք է հայտնում, որ «այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին, փոշիացվելու է»։

Վիգեն Սարգսյանը մանրամասներ չի ներկայացնում, թե այդ ինչ գույք է, ինչու և ինչպես է այն հայտնվել ՊՆ ենթակայության ներքո։

ՊԵԿ ուսումնական կենտրոնի անցյալից

Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը մինչ պաշտպանության նախարարությանն անցնելը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում էր, իսկ դրանից առաջ՝ Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռում։ Դեռ 2008-ին կառավարությունը որոշել էր ՊԵԿ ուսումնական կենտրոն հիմնել Դիլիջանում։

Պետբյուջեից աստղաբաշխական գումարներ էին ծախսվել այս կենտրոնի կառուցման համար, միլիարդավոր դրամների գնումներ էին կատարվել։ 2014-ին Սիվիլնեթը պարզել էր, որ ամառային սրճարանով, մինիբարով, սաունայով ուսումնական կենտրոնի գնումներից որոշ դրվագներ։ 2015-ին դարձյալ անդրադառնալով այս ուսումնական կենտրոնին՝ Սիվիլնեթի «Քո գրպանից» հաղորդաշարը պարզել էր, որ ՊԵԿ-ը իր ուսումնական կենտրոնի համար 20 միլիոն դրամի էքստրաօրթոպեդիկ ներքնակներ էր գնել, ավելի քան 30 միլիոն դրամի էլ՝ վարագույրներ և անկողնային պարագաներ։ Կենտրոնի համար 133,5 միլիոն դրամի բացօթյա սպորտհրապարակների բարեկարգում էր կատարվել, 41 միլիոն դրամով գնվել էին խոհանոցային պարագաներ, սիգարի կտիչներ, նաև՝ մեծ թվով օճառի տարաներ՝ մեկ հատը 61 000 դրամով։

Ճոխ ուսումնական կենտրոնից՝ ռազմական վարժարան

2017-ին պարզվեց, որ ՊԵԿ աշխատակիցների համար Դիլիջանում կառուցված ուսումնական կենտրոնը ավելի հարմար է օգտագործել որպես ռազմական ուսումնարան։ 2017-ի մարտի 16-ին կառավարությունը հավանություն տվեց ՊԵԿ ուսումնական կենտրոնը պաշտպանության նախարարությանը ամրացնելու մասին հարցին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը սկսեց իրականացվել հենց Դիլիջանի ՊԵԿ ուսումնարանում։

2017-ի նոյեմբերի 21-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի բացումը։ Ամիսներ անց, սակայն, ՊԵԿ թանկարժեք ուսումնարանի հետ կապված այլ պատմություններ ի հայտ եկան։ Թավշյա հեղափոխությունից հետո գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն անցկացրեց կենտրոնի շինարարական գործընթացում թույլ տված չարաշահումների ու կատարված հափշտակությունների վերաբերյալ։

Փաստական տվյալներ էին ձեռք բերվել որ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց գնման գործընթաց իրականացնելու «Սահակյանշին» ընկերության միջոցով իրականացրել են ուսումնական կենտրոնի շինարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ չի իրականցվել նաև որակի վերահսկողություն։

«2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ-ի հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման վեց պայմանագիր՝ ավելի քան 2,3 մլրդ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձնման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

2018-ի հուլիսի 24-ին հարուցվել էր քրեական գործ, որը ներկայում Քննչական կոմիտեի վարույթում է։

Նարեկ Բաբայանը՝ Վիգեն Սարգսյանին

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Սիվիլնեթի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք կառուցված այդ ուսումնական կենտրոնը կառուցված չի եղել որպես ռազմական վարժարան։

«Նախ՝ Վիգեն Սարգսյանը լավ կանի իր հանձնած բարձունքների մասին խոսի։ Ես չեմ ցանկանում իր ասածները մեկնաբանել։ Դա կառուցված չի եղել որպես ռազմական վարժարան այն հանգստյան գոտի էր՝ ութ հեկտարի վրա կառուցված քոթեջներով, հյուրանոցով, գլխավոր մասնաշենքով ու սպորտային համալիրով։ Այսօր պետբյուջեից այդ շինության սպասարկման, անվտանգության և կոմունալ ծառայությունների համար հսկայական գումարներ են ծախսվում։ Ինձ առաջարկվել է, որ ծանոթանամ շենք-շինությանը։ Ես ծանոթացել եմ, ու իմ տեսակետն այն է, որ որպես վարժարան այն ունենալը նպատակահարմար չէ, քանի որ երեք միլիոն դոլարով կարելի է ունենալ շատ ժամանակակից վարժարան՝ ամեն ինչով հագեցած»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ուսումնական կենտրոնի վրա ծախսվել է ավելի քան 50 միլիոն դոլար։ Բաբայանը հայտարարում է՝ գույքը ներկայում արդյունավետ չի օգտագործվում. «Գույքի ներկայիս օգտագործումն արդյունավետ չէ, որի մասին կարող է վկայել և՛ ուսումնարանի տնօրինությունը, որին ես հանդիպել եմ, և՛ պաշտպանության նախարարության ղեկավար կազմը։ ՊՆ-ն հսկայական ծախսեր է անում այդ շենքի պահպանության համար, որն ընդհանրապես արդարացված չէ։ Կա քրեական գործ այդ գույքի հետ կապված՝ ինչու, ինչ նպատակահարմարությամբ է այն կառուցվել։ Այդ 50 միլիոն դոլարը, որ մեր հանրության գրպանից ծախսվել է, ինչո՞ւ է ծախսվել։ Դա է գլխավոր հարցը։ Ճիշտ կլինի՝ Վիգեն Սարգսյանն այդ հարցին պատասխանի»։

Նարեկ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վարժարանի լուսանկարները։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել