ՊԵԿ-ը «Առինջ» մոլում ստուգումներ իրականացնում է դատարանի որոշման հիման վրա

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը) խուզարկություն է իրականացնում դատարանի որոշման հիման վրա։

Ինչպես հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:

«Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում

է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։