Եթե պարզվի` որևէ մեկը որևէ մեկի դեմ գործ է սարքում, խոստանում եմ՝ գործ սարքողը խստորեն կպատժվի. վարչապետ

«Եթե պարզվի, որ Հայաստանի Հանրապետությունում՝ որևէ մեկը որևէ մեկի դեմ գործ է սարքում, խոստանում եմ՝ գործ սարքող(ներ)ը խստորեն կպատժվի»,- ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Ախպերական մտածելակերպով առաջնորդվել ասելով` նկատի եմ ունեցել, որ իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այն, թե մենք ում հետ ինչ հարաբերություններ ունենք, իրավիճակներին մեր վերաբերմունքը պետք է լինի ըստ նրա, թե ինչ հարաբերություն ունի դա օրինականության հետ»։

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանի հայտարարությունների մասին, թե գործը շինծու է, վարչապետն ասել է. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ նոր Հայաստանում գործ կարվի, դուք եք ՀՀ կյանքը լուսաբանում, դուք պատասխանեք այդ հարցին՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ: Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել: Երկրորդ՝ կապ չունի, ես ասել եմ՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ, պետք է ամեն ինչ պարզ լինի»:

***

Ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանին, որը, ըստ ԱԱԾ-ի, «խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ»։ Սանասարյանը հայտարարել է, որ իր դեմ «իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի»։

Նիկոլ Փաշինյանը գրառում արեց՝ նշելով, որ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը»։

Մեկնաբանել