Երևանի՝ անհետ կորած տրամվայի հետքերով. պայմանագրերը գաղտնի են պահվում

Փետրվարի 27-ին ՍիվիլՆեթը հրապարակել էր «Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմը։ Լրագրողական թիմը պարզել էր, որ Երևանի տրամվայի ռելսերի ապամոնտաժումից հետո՝ 2005-2011թթ., Երևանի քաղաքապետարանի ութ որոշումներով պաշտպանության նախարարությանն է հատկացվել շուրջ 5700 տոննա տրամվայի ռելսերի ջարդոն։

Նախարարությունը այդ ռելսերը պահանջել էր առաջնագծում օգտագործելու պատրվակով, սակայն օգտագործել էր ընդամենը 137 տոննան, այսինքն՝ տրամադրածի ընդամենը 2,4 տոկոսը, մնացածը՝ 5563 տոննա ջարդոնը կամ 97,6%-ը, ըստ ՊՆ-ի պաշտոնական պատասխանի, վաճառվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբորը պատկանող «ՄետԷքսիմ» ընկերությանը։

«ՄետԷքսիմ»-ից հաստատեցին տեղեկությունը, որ ՊՆ-ն իրենց ռելսերի ջարդոն է վաճառել, սակայն վաճառքի մասին պայմանագրերը չտրամադրեցին։ 

ՍիվիլՆեթը դիմեց պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել այդ պայմանագրերը, սակայն ՊՆ-ն ևս հրաժարվեց  տրամադրել «ՄետԷքսիմ»-ի հետ կնքած պայմանագրերը՝ հիմնավորելով, որ «դրանք ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության պահանջով ՀՀ ՊՆ-ն տրամադրել է վարույթ իրականացնող մարմնին»։

Այնուհետև ՍիվիլՆեթը դիմեց գլխավոր դատախազություն՝ հասկանալու, թե որ քրեական գործում են գտնվում պայմանագրերը։

Գլխավոր դատախազությունից էլ պատասխանեցին, որ «2006-12թթ. ընթացքում Երևանի տրամվայի ռելսերի ջարդոնի վաճառքի վերաբերյալ քրեական գործ չի քննվում»։

Ըստ դատախազության պաշտոնական պատասխանի՝ «Մետէքսիմ» ՍՊԸ-ի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ կա այս պահին՝ Հատուկ քննչական ծառայությունում, և «նախաքննության գաղտնիությունից ելնելով տվյալներ չեն տրամադրում»։

Երևանի տրամվայը դադարեց իր գործունեությունը 2004-ին։ Պաշտպանության նախարարի պաշտոնն այդ ընթացքում զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամանակ էլ գերատեսչությունը պահանջել էր ռելսերի ջարդոնը։

Գևորգ Թոսունյան