Լուկաշենկոն Բելառուսը աստիճանաբար Ռուսաստանին է վաճառում․ Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy հանդեսը հոդված է հրապարակել ռուս-բելառուսական հարաբերությունների մասին։ Հոդվածագիր Էմի Մաքինոնը զրուցել է «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական խմբի նախագահ Անդրեյ Սաննիկովի հետ։ Վերջինս չի բացառում, որ Ռուսաստանը կարող է անեքսիայի ենթարկել նաև Բելառուսը։ Հոդվածը թարգմանաբար և կրճատ ներկայացված է ստորև։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ամիս շարունակվող լարվածությունից հետո Բելառուսում իր դեսպանին հետ կանչեց։ ԿԳԲ-ի նախկին աշխատակից Միխայիլ Բաբիչը հակասական մի շարք մեկնաբանություններ էր արել, որոնք զայրացրել էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը դիվանագետին մեղադրել է այն բանում, որ նա Բելառուսին վերաբերում է որպես Ռուսաստանի շրջանի, այլ ոչ որպես անկախ պետության։

Անցած տարի Բաբիչի նշանակումը Բելառուսի համար վատ նշան էր։ Կապված այն բանի հետ, որ 2024 թվականին Պուտինի ղեկավարման ժամկետը ավարտվում է՝ անընդհատ տարածվում էին ենթադրություններ, որ հարևան Բելառուսը նրա ապագա ծրագրերի համար կարող է որոշիչ լինել։ Սկսած դեկտեմբերից՝ ռուսաստանցի առաջնորդները հանկարծակի հետաքրքրություն ցուցաբերեցին անցյալում թերագնահատվող պայմանագրի հանդեպ՝ ստորագրված երկու երկրների կողմից 1999 թվականին, որը ենթադրում է մեկ ընդհանուր առաջնորդով միասնական երկրի ստեղծում։ Այս համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել, որպեսզի Պուտինը մնա տանդեմային պետության գլխին՝ չխախտելով Ռուսաստանի սահմանադրությունը։

Foreign Policy-ն զրուցել է Անդրեյ Սաննիկովի հետ, որը «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական խմբի նախագահն է։ 2010 թվականի ընտրություններին նա իր թեկնածությունն էր դրել Լուկաշենկոյի դեմ, իսկ հետո 16 ամիս բանտում էր քաղաքական բնույթի մեղադրանքներով։ Այժմ նա ապրում է Վարշավայում (Լեհաստան) արտաքսման մեջ։

Պատասխանելով լրագրողի՝ Լուկաշենկոյի միասնական պետությանը միանալու համաձայնության մասին հարցին՝ Անդրեյ Սաննիկովը ասել է, որ հնարավոր է, քանի որ դա նրա ստեղծագործությունն է։ «Եթե չլիներ Լուկաշենկոն, չէին լինի Ռուսաստանի հետ այսպիսի հարաբերություններ, ինչպես նաև այդ համաձայնագիրը։ Դուք երևի հիշում եք՝ ինչու էր այդ համաձայնագիրը ստորագրվել։ Քանի որ այդ ժամանակ Լուկաշենկոն էլ էր ծրագրում դառնալ միասնական պետության նախագահը։ Լուկաշենկոն իր ղեկավարումը սկսել է բելառուսական ինքնության ոչնչացմամբ և շարունակում է նույնը անել։ Վերացնելով լեզուն, մշակույթը և պատմությունը՝ նա աստիճանաբար երկիրը վաճառում է Ռուսաստանին։ Ինչ-որ պահի նա կարող է տեսնել, որ այլ ելք չունի։ Այդ ժամանակ էլ կփորձի պայմանավորվել Պուտինի հետ»,- ասել է Սաննիկովը։

«Վլադիմիր Պուտինը հաստատ Բելառուսի հետ կապված ծրագրեր ունի։ Բելառուսում նա հիմա մի քանի տարբերակ ունի, և դրանք բոլորն էլ տեսական չեն, այլ փորձված՝ վրացական հողերի անեքսիա, ապա՝ Ուկրաինա, Ղրիմ։ Ուկրաինացիները անհանգստացած են, որ Ռուսաստանը ևս մեկ ներխուժման է պատրաստվում»։ – նշել է Սաննիկովը։

«Կարծում եմ, որ մի քանի կարևոր իրադարձություններ պատահական համընկան։ Բաբիչի գնահատականը, բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալութունը (ապրիլի վերջին Լուկաշենկոյի անվտանգության ծառայության նախկին պետն էր ձերբակալվել), Լեհաստան, Ուկրաինա և Եվրոպա արտահանվող նավթատար խողովակի աղտոտվածությունը։ Ինչ-որ բան է հասունանում։ Մենք պիտի շատ ուշադիր հետևենք դեպքերի զարգացմանը։ Դմիտրի Մեզենցևը (Բելառուսում Ռուսաստանի նոր դեսպանը) տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ է։ Երբ լսում եք, որ Ռուսաստանում ինչ-որ մեկը ՏՏ մասնագետ է, նշանակում է՝ նա նաև պրոպագանդայի և ապատեղեկատվության մասնագետ է։ Դրա համար էլ ես այն կարծիքին եմ, որ ադ երկու դեսպանները մի ծրագրի երկու մասնիկներն են»,- հայտարարել է Սաննիկովը։

«Բելառուսիայի տեղեկատվական դաշտում ավելի շատ են ռուսական ԶԼՄ-ները։ Քանի որ Լուկաշենկոյի պրոպագանդան և հեռուստատեսությունը ցածրորակ են, մարդիկ գերադասում են ռուսականը։ Այդ պատճառով էլ բելառուսցիների 60%-ը աջակցում է Ղրիմի անեքսիային, ու Ռուսաստանի համար էլ հեշտ է Բելառուսում։ Ապատեղեկատվության տարածման համար ծախսում են հսկայական դոլարներ, իսկ Բելառուսը ռուսական ապատեղեկատվության համար ավելի խոցելի է։ Կա վտանգ, որ Լուկաշենկոյին ատում են, Պուտինին աջակցում, իսկ Արևմուտքը անտեսանելի է, դրա համար էլ բելառուսցիներին ընտրության այլ հնարավորություն չի մնում։ Կարևոր և արդյունավետ զանգվածային տեղեկատվությունը ընդդիմությանը հասանելի չէ»,- կարծում է Սաննիկովը։

Ըստ նրա՝ Բելառուսում Լուկաշենկոյին ատում են․ «Բելառուսում Պուտինը ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Լուկաշենկոն։ Դա նաև վտանգավոր է այն պատճառով, որ եթե որոշվի հանրաքվե անցկացնել՝ համեմատելով այս երկու ղեկավարներին և բռնապետներին, Պուտինը կհաղթի։ Լուկաշենկոյին ատում են, քանի որ պարզ է, որ բելառուսական համակարգը Լուկաշենկոն է։ Ռուսաստանում ամեն ինչ ավելի բարդ է։ Ռուսաստանում, կարծում եմ, դեռևս կան մարդիկ, որոնք սատարում են այն համակարգը, որը ստեղծում է Պուտինը։ Իսկ Բելառուսում ամեն ինչ այլ է։ Դա վախի և ծիծաղի միասնություն է․ մարդիկ ծաղրում են Լուկաշենկոյին, իսկ հետո երբեմն վախենում, որ իրենց վերաբերմունքը նրան հայտնի կդառնա։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել