Արթուրը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել․ Թուրքիայում «իսլամացած» 13-ամյա Արթուրի պատմության հետքերով

Անցնող օրերին թե՛ հայկական, թե՛ թուրքական լրատվադաշտում մեծ արձագանք առաջացրեց Թուրքիայում ապրող 13-ամյա հայաստանցի Արթուրի «կրոնափոխության» պատմությունը։ Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում հայտարարեց, որ 13 տարեկան հայ տղան ցանկանում է փոխել կրոնն ու իսլամ ընդունել։

Մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա իֆթարի՝ արևամուտի հացկերույթի ժամանակ հայ տղան հաստատեց, որ ցանկանում է իսլամ ընդունել։ Այնուհետ Արթուրը հրապարակավ ընթերցեց մահմեդական հատուկ աղոթքը (Kelime-i Şehadet), ըստ իսլամական ավանդույթի՝ մաքրագործվեց ու ընդունեց Նիհաթ անունը։ Մահմեդականների համար նվիրական Ռամադան ամսում քրիստոնյա հայի՝ «ճշմարիտ կրոնին» փարվելը կարծես թե շոյեց շատ ջերմեռանդ մահմեդականների ինքնասիրությունը։ Չնայած դրան՝ հենց Թուրքիայի ներսում էլ հնչեցին քննադատություններ․ ոմանք անչափահաս տղայի կողմից իսլամ ընդունելը շոուի վերածելը համարեցին երեխայի շահագործում և անթույլատրելի քայլ։ Թուրքական ընդդիմադիր T24 կայքում անգամ քննադատական հոդված հրապարակվեց։

Իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե երեխան ցանկանում է իսլամ ընդունել, դա կարող է անել առանց իր մոր համաձայնության, սակայն մայրը տվել է իր համաձայնությունը։

Մանրամասները ճշտելու համար ՍիվիլՆեթը կապ հաստատեց Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Վերջինս պնդում է՝ չի պատկերացրել, թե ինչ միջոցառման է մասնակցելու որդին․ «Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Ես զանգ եմ ստացել, երբ խանութում էի, որտեղ աղմուկ էր։ Ինձ զանգել էր մի կին՝ տղայիս հեռախոսից։ Իր մոտից նույնպես աղմուկի պատճառով գրեթե ոչինչ չէր լսվում, ու ես խոսակցությունը արագ ավարտելու համար, առանց հասկանալու, թե ինչ է ասում, անընդհատ «այո» էի ասում։ Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված՝ իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է․ «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք»:

ՍիվիլՆեթի հարցին, թե չի պատրաստվում բողոքել, տղայի մայրը պատասխանեց, որ դեռ չի մտածում այդ մասին, գլխավոր նպատակը իրենց «անունը մաքրելն է»։ Տղայի մորն անհանգստացնում է մամուլի և հասարակության արձագանքը։

Ըստ «Ակօս»-ի տեղեկության՝ Պոլսո հայոց պատրիարքությանը ևս մտահոգել է անչափահաս տղայի մահմեդականացման թեման։ Պատրիարքական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր բողոքն է հայտնել Թուրքիայի կրոնական գործերի ղեկավարին։ Իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Արթուրի հետ։ Նրա ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Տեսակցեցայ Նիհաթ Հաթիպօղլուի կողմէ շահագործուած Արթուրի մօր հետ։ Յայտնեց, թէ յիշեալ հաղորդման մէջ իր զաւկին ներկայութիւնը եղած է առանց իր արտօնութեան։ Վաղը պաշտօնական գանգատ պիտի յայտնեմ Ռատիոյի ու հեռատեսիլի բարձրագոյն խորհուրդին եւ դատախազութեան՝ մանկանց շահագործում իրականացուցած այս հաղորդման դէմ»։

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամական քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։

Լուսանկարում՝ Նիհաթ Հաթիփօղլու

Գոռ Երանյան

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել