Ադրբեջանում կրոնական կրթությունը ուսանողների համար կդառնա պարտադիր  

Ադրբեջանում կրոնական կրթությունը ուսանողների համար պարտադիր կլինի։ Թեմային անդրադարձել է Eurasianet կայքի հոդվածագիր Օսթին Քլեյթոնը (Austin Clayton): Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է պարտադիր կրոնական կրթությունը համալսարանի ծրագիր մտցնել՝ երկրում արմատականության դեմ պայքարելու ակնհայտ նպատակով։

Ապրիլի վերջին Մուբարիզ Ղուրբանլին՝ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահը, հայտարարեց, որ 2020-ից ուսանողները կունենան իսլամին և այլ կրոններին նվիրված դասեր։ Կովկասի մուսուլմանների վարչության հանդիպմանը, որտեղ Ղուրբանլին ներկայացրեց դասընթացը, ասաց, որ «ուսանողները քննությունները կհանձնեն» համալսարանի մակարդակին համապատասխան, և տարրական ու միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում կավելացվեն իսլամին վերաբերող տարրեր։ «Բոլոր հարցերը նկատի կառնվեն, այնպես, որ ուսանողները շփոթության մեջ չընկնեն»,- ասաց Ղուրբանլին։

Այս հայտարարությունը կասկածանքով ընդունվեց Ադրբեջանում, որտեղ շատերը արժևորում են երկրի կառավարման աշխարհիկ ավանդույթը։

«Շնորհավորում եմ բոլորին, մենք քայլ արեցինք դեպի միջնադար։ Նրանք պարտադիր կրոնական դասեր են տալու դպրոցում։ Մեզ համար լավ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրաճանաչ երգահան և մշակութային մեկնաբան Էլմիր Միրզոևը։

«Ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ տնտեսության բարձր մակարդակի և սոցիալական կայունության հասնելը կախված է գիտությունից, տեխնոլոգիայից և նորարարությունից։ Սակայն ինչո՞ւ են այս մարդիկ ավելի շատ մտածում մեր հաջորդ, քան ներկա կյանքի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում հարցադրում է անում գիտական նորությունների կայքի խմբագիր Տարիել Աբդուլաևը։

Երբ Eurasianet-ը հանձնաժողովին դիմեց՝ խոսնակը ասաց, որ չի կարող մեկնաբանություն տալ, քանի որ պատմության մասին արդեն չափից  շատ է խոսվել, և ինքը չափազանցություններ չի ուզում։

Այնուամենայնիվ, հանձնաժողովը հրապարակեց Ղուրբանլիի հայտարարությունների մասին բացատրություններ, որոնցում նոր դասընթացը բնորոշվում է որպես «բազմամշակութայնության» ուսուցում․ սովորական փոխաբերություն Ադրբեջանում։ Դասագրքերը կազմվում են Կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի  և Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի կողմից։

Դասընթացը կսովորեցնի «կրոնական արմատականության, կրոնական արմատական շարժումների, նրանց քարոզչամեթոդների, ազգային և բարոյական արժեքների, դրանք պաշտպանելու կարիքի, ինչպես նաև այս ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականության մասին»,- ասվում է հաղորդագրությունում։ Նաև նշվում է, որ ստանդարտ ավագ դպրոցի «Կյանքի գիտություն» ծրագրում կրոնական թեմաների շրջանակը կընդլայնվի։

Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ կրոնի մասին խոսելը դեռ կրոնի դասեր տալ չէ՝ արձագանքելով նախագծի մասին հանրային հիմնական մտահոգություններից մեկին։

Թեև ադրբեջանցիների ավելի քան 97 տոկոսը իրեն համարում է մուսուլման, քչերն են գործնականում ապրում կրոնական կյանքով։ Այնուամենայնիվ, Խորհրդային Միության փլուզումից հետո կրոնի նկատմամբ ուշադրությունը աճել է։ Իշխանություններին հատկապես մտահոգում են այն ադրբեջանցիները, որոնք ներգրավված են միջազգային իսլամիստական արմատական շարժումներում։ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը ասել է, որ 2017-ի վերջին շուրջ 900 ադրբեջանցի, դառնալով «սև քարոզչության» զոհ, միացել է Իսլամական պետությանը։

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանություններն ավելի շատ աշխատանք են տանում «ավանդական իսլամը» զարգացնելու համար, այն է՝ ենթակա և վերահսկելի լինել պետության կողմից, կարծում է Ուփսալայի համալսարանի ռուսագիտության և եվրոպագիտության ինստիտուտի հետազոտող Սոֆի Բեդֆորդը, որը Ադրբեջանում ուսումնասիրում է կրոնական խնդիրները։ Այդ ուղղությամբ նախորդ քայլերը ներառում են Բարոյական արժեքների ֆոնդի հիմնադրումը, որը պետության մակարդակով խթանում է բարոյական արժեքների պաշտպանությանը և այս ոլորտում սոցիալական ծրագրերի իրագործմանը և աջակցել է նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան Հեյդարի մզկիթի բացմանը՝ նրա որդի, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ 2014-ին։

«Կրոնի ներմուծումը դպրոցներ կարող է դիտվել որպես նոր թրենդի մաս՝ պետական վերահսկողությամբ ու սահմանափակումներով արմատականության կանխարգելումից ուշադրությունը կենտրոնացնելով այլընտրանքային, մեյնսթրիմ, չափավոր և տիրապետող իսլամական խոսույթի վրա, որը վերահսկվում է և հաստատութենացված է պետության կողմից»,- ասում է Բեդֆորդը։

Թեև պետության աջակցությունը վայելող այս ջանքերն ընկալվել են որպես լուծում վտանգավոր, կրոնական օտար գաղափարախոսությունների դեմ, ավանդական իսլամի շեշտումը մուսուլմանական այս հանրությունում պառակտում է առաջացրել։ ««Ոչ ավանդական» դասակարգվող մուսուլմանները ավելի խոցելի դառնալու վտանգի տակ են,- նշում է Բեդֆորդը։- Դա սպառնում է սրել հասարակության շրջանում արդեն լայնորեն տարածված «լավ» և «վատ» մուսուլմաններ դասակարգումը»։

Բայցևայնպես Բեդֆորդն ընդունում է, որ կրոնի ուսուցանումը աշխարհիկ շատ երկրների հանրային դպրոցներում բանավեճի թեմա չէ, ներառյալ իր հայրենի Շվեդիայում։

Շատերին սա հիշեցնում է Խորհրդային Միության՝ պաշտոնական իսլամի իր տարբերակով կրոնական գաղափարախոսությունը վերահսկելու փորձը։ «Խորհրդային անցյալից մենք գիտենք, որ այս մոտեցումը արմատականության խնդիրները չի լուծում»,- Eurosianet-ին ասել է Բաքվի հետազոտական ինստիտուտի ղեկավար Ալթայ Գոյուշովը։- Այսպիսով կրկնում ենք մեր ձախողված փորձը»։

Բացի այդ, ստանդարտացված ուսումնական ծրագիրը անխուսափելիորեն կրոնի միայն մի տարբերակ կուսուցանի՝ վերջիվերջո սահմանափակելով կրոնական ազատությունը։ Գոյուշովը պնդում է՝ կրոնի վաճառքը և ուսուցումը կառավարության գործը չէ։

«Արդյոք նրանք չեզոք կլինե՞ն կրոնների մասին դասավանդելիս։ Եթե ոչ, դա աստվածաբանության դաս կլինի,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի ականավոր աթեիստ Ագալար Քութը։- Եթե նրանք ուզում են կանխել արմատականությունը, պետք է սովորեցնեն, որ կրոնը միայն իսլամը չէ, որ այլ կրոններ էլ կան, և որ կրոն չունենալը անբարոյականություն չէ։  […] Ամփոփելով պետք է ասել, որ դպրոցներում, ինչպես նաև համալսարանում մենք չպետք է դասավանդենք հենց կրոն, այլ պետք է դասավանդենք դրա փիլիսոփայությունը»։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի