Վաշինգտոնի հանդիպմանը կբարձրացվեն բանակցություններին խանգարող բոլոր խնդիրները

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը կբարձրացվեն բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին․ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման քննարկվում է բոլոր հանդիպումներում․ հունիսի 19-ին Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին Անվտանգության խորհրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում, այսինքն՝ չի կարող լինել բանակցային որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, հետևաբար՝ բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է», – ասաց Փաշինյանը։

Խոսելով բանակցային դիրքորոշման մասին վարչապետը ասաց, որ այն չի փոխվել։ Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն և Արցախը ի վիճակի են պաշտպանել իրենց շահերը ինչպես դիվանագիտական, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ առաջնագծում։

«ՀՀ Զինված ուժերը բնականոն զարգացման փուլ են մտել: Ուսումնասիրելով նոր Հայաստանի մասին 100 փաստերը՝ կտեսնեք, թե բանակաշինության ոլորտում ինչ գործողություններ են արվում։ Կարևոր է նաև խորհրդարանի քաղաքական աջակցությունը»,- ասաց Փաշինյանը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել