Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները 118 կողմ, 62 դեմ, 10 ձեռնպահ ձայներով քվեարկել են վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի վերադարձի օգտին՝ նրան հրավիրելով մասնակցելու հունիսի նստաշրջանին։
ԵԽԽՎ-ն ընդունել է Կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցը՝ վեհաժողովի լիազորությունների ու քվեարկության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը կատարելագործելու վերաբերյալ․ դրանում ներառված է բանաձև, որը Ռուսաստանին թույլ է տալիս մասնակցել հունիսի նստաշրջանին։
Ռուսաստանի վերադարձին ընդդիմացել են Ուկրաինայի և Բրիտանիայի պատվիրակները, որոնք առաջ են քաշել ավելի քան 200 ուղղում՝ երկարաձգելու համար բանաձևի ընդունումը։
Ռուսաստանի պատվիրակությունը՝ Պյոտր Տոլստոյի ղեկավարությամբ, արդեն Ստրասբուրգում է և ԵԽԽՎ-ում իր լիազորությունների հաստատման հայտ է նախապատրաստել։
The credentials of the Russian delegation, submitted at the opening this morning, were challenged on both substantial and procedural grounds and immediately referred to the relevant committees. PACE should decide the issue tomorrow afternoon. https://t.co/wBOnuVf0YV pic.twitter.com/6rjOv0gqkD
— PACE (@PACE_News) June 25, 2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն է արել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, և հայտարարությունը կցվել է նիստի արձանագրությանը»։ Նա լուսանկար է հրապարակել ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ։
«Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,- գրել է Ռուբինյանը։
ԵԽԽՎ կայքում Ռուբեն Ռուբինյանի քվեն գրանցված է որպես «դեմ»։ ՌԴ վերադարձի օգտին ամբողջ կազմով կողմ է քվեարկել նաև Ադրբեջանը։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես գրառում է արել։
ՌԴ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվել էր 2014-ին Ուկրաինայում իրադարձությունների և Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո։
Ստելլա Մեհրաբեկյան