Ինչպես խթանել ծնելիությունը․ տղամարդկանց ու կանանց հավասարությունը լուծում է

Ալանա Արմիտաժ և Տոմաշ Սոբոտկա

Հոդվածը ՍիվիլՆեթին տրամադրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակը

Արևելյան Եվրոպայի շատ երկրներ բախվել են մի երևույթի, որը հաճախ ընկալվում է որպես բնակչության ճգնաժամ: Վերարտադրողական տարիքի բարձր որակավորում ունեցող մարդիկ հեռանում են իրենց երկրներից` այլ կողմերում ավելի լավ հնարավորություններ փնտրելու: Մնացողների շրջանում ծնելիության ցուցանիշն իջնում է մեկ կնոջ հաշվով երկու երեխայից ցած, իսկ որոշ երկրներում մոտենում է մեկի:

Այս միտումները տագնապ են առաջացրել քաղաքական գործիչների և հասարակության շրջանում: Վախեցնողն այն է, որ արտագաղթի ու ցածր ծնելիության արդյունքում նրանք կունենան փոքրաթիվ և ծեր բնակչությամբ թույլ երկիր։

Արդյոք այդ վախերն արդարացվա՞ծ են: Որոշ չափով՝ այո: Բնակչության արագընթաց կրճատումը և ծերացումը կարող են լուրջ մարտահրավերներ առաջացնել, հատկապես, եթե երկրները տնտեսական կամ գաղափարախոսական պատճառներով չեն կարողանում ներգաղթ ապահովել, որպեսզի փոխհատուցեն ժողովրդագրական կորուստները: Նման դեպքերում փոքրաթիվ բնակչությունն իսկապես կարող է արգելակող ազդեցություն ունենալ տնտեսության, սոցիալական համակարգերի և ենթակառուցվածքների համար՝ նոսր բնակեցված տարածքներում:

Այնուամենայնիվ, նշված ժողովրդագրական փոփոխությունների շուրջ ձևավորված անհանգստությունների մեծ մասն արմատավորված է պետության և իշխանության վերաբերյալ հնացած պատկերացումների մեջ: Այսօր՝ Բնակչության համաշխարհային օրը, հարկ է ընդգծել, որ ժամանակակից հասարակություններում կարևորը բնակչության չափը չէ: Կարևորը բնակչության մարդկային կապիտալն է` նրա կրթությունը և առողջությունը, արտադրողականությունը և նորարարական ներուժը: Գերմանիայի կամ Ճապոնիայի պես երկրները տասնամյակներ շարունակ ծնելիության ցածր մակարդակ են ունեցել և չեն դադարել աշխուժորեն զարգանալ: Շվեյցարիայի կամ Նորվեգիայի նման փոքր երկրները շարունակաբար ցույց են տվել, որ կարող են իրենցից ծանր քաշ բարձրացնել։

Սա մեզ հուշում է, որ թվերի և, մասնավորապես, ծնելիության ցուցանիշի վրա սևեռվելը, ինչին մենք երբեմն ականատես ենք լինում տարածաշրջանում, անարդյունավետ է: Գիտնականների մեծամասնությունը համակարծիք է, որ չկա ծնելիության լավագույն մակարդակ, և, որ ամեն դեպքում ծնելիությունը բարձրացնելը դյուրին լուծում չէ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավանդաբար կիրառվող ծրագրերը, որոնք ծնողներին որոշակի ֆինանսական խթան են տրամադրում ավելի շատ երեխաներ ունենալու համար, սովորաբար ժամանակավոր ազդեցություն են ունենում: Մարդիկ կարող են նախընտրել նախատեսածից ավելի վաղ երեխա ունենալ, որպեսզի օգտվեն դրամական խթանից, ինչը սկզբնական շրջանում ավելացնում է ծնունդների թիվը: Բայց, ընդհանուր առմամբ, դա չի հանգեցնում ավելի մեծ ընտանիքների ձևավորման, ուստի երկարաժամկետ հեռանկարում ծնելիության մակարդակը հիմնականում անփոփոխ է մնում: Սա զարմանալի չէ, քանի որ նույնիսկ առավել առատաձեռն ֆինանսական խթանները ծածկում են երեխա մեծացնելու համար արվող ընդհանուր ծախսերի միայն չնչին մասը:

Բացի այդ, առանց ընդհանուր միջավայրի փոփոխության, հնարավոր ցանկացած ձեռքբերում ընդամենը կնշանակի ավելացնել այն երիտասարդների թիվը, որոնք չեն կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել կամ իրենց երկարաժամկետ ապագան չեն տեսնում սեփական երկրում ու հեռանում են` իրենց հետ տանելով նրանց կրթության համար պետության արած ներդրումը։

Արևելյան Եվրոպայի երկրների համար ավելի խոստումնալից ուղի է կենտրոնանալը մի հաճախ անտեսված փաստի վրա. այս տարածաշրջանում մարդկանց մեծ մասն իրականում ցանկանում է ունենալ երկու կամ ավելի երեխաներ: Պատճառները, թե ինչու չեն նրանք կարողանում իրականացնել իրենց վերարտադրողական մտադրությունները, տարածաշրջանում բնակչության ճգնաժամի լուծման բանալին են:

Երբ երիտասարդները վստահություն չունեն երկրի ապագայի և այնտեղ սեփական աշխատանքային հեռանկարների նկատմամբ, երեխաներ ունենալը ֆինանսապես ռիսկային է՝ հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանում սոցիալական ապահովության ցանցերը թույլ են զարգացած: Երիտասարդների շրջանում բարձր գործազրկությունը, ցածր աշխատավարձերը, հատկապես կանանց պարագայում, և միտումը դեպի ոչ կայուն զբաղվածություն ամենևին չեն օգնում:

Մեկ այլ կարևոր գործոն է աշխատող կանանց ցուցաբերվող անբավարար աջակցությունը, որոնցից դեռևս մեծապես ակնկալվում է երեխաների և տնային տնտեսությունների համար հոգալը: Երեք տարեկանից ցածր երեխաների պետական խնամքի ապահովումը Արևելյան Եվրոպայում էապես անբավարար է, իսկ աշխատանքային պայմանները խիստ են, ինչի պատճառով բազմաթիվ կանայք ստիպված են լինում ընտրություն կատարել երեխաների և կարիերայի միջև:

Այս ամենը նշանակում է, որ ցանկացած կառավարություն, որպեսզի հաջողության հասնի ծնելիությունը բնակչության նախընտրած մակարդակին հասցնելու գործում և արտագաղթին այլընտրանքներ ապահովի, պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են վստահորեն ծրագրել սեփական ապագան և ընտանիք կազմել:

Դա պահանջում է առաջընթաց լավ կառավարման ոլորտում՝ զուգակցելով այն տնտեսության մրցունակությունը բարձրացնելու և մարդկանց անհատական հմտությունները աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու հետ: Դա նաև պահանջում է ընտանիքների, կանանց, տղամարդկանց և երեխաների կարիքներին արձագանքող հատուկ քաղաքականություններ:

Բավականին լայն համակարծություն կա, թե ինչ պետք է ներառի քաղաքականությունների նման փաթեթը. երեխայի որակյալ, մատչելի խնամք՝ սկսած վաղ տարիքից, ճկուն և լավ վճարվող ծնողական արձակուրդ՝ երկու ծնողի համար էլ (տղամարդկանց համար նախատեսելով խթաններ, որպեսզի օգտվեն այդ իրավունքից), ճկուն աշխատաժամանակ և հավասար վարձատրություն կանանց համար, ծրագրեր, որոնք կխթանեն կանանց և տղամարդկանց հավասարաչափ մասնակցությունը երեխայի խնամքին ու տնային գործերին, ինչպես նաև մատչելի բնակարաններ և ֆինանսական աջակցություն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:

Շվեդիայի նման երկրների փորձը ցույց է տալիս, որ նման քաղաքականությունների այս կամ այն համակցությունը կարող է աշխատել հօգուտ ծնելիության համեմատաբար բարձր մակարդակի պահպանման: Էստոնիան է՛լ ավելի առաջ է գնացել ծնողական արձակուրդի քաղաքականության հիմնովին վերափոխման գործում և զգալիորեն ընդլայնել է վաղ մանկության կրթությունը: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ նույնպես բռնել են այդ ճանապարհը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և նրա գործընկերների աջակցությամբ:

Ճանապարհը հեշտ չի լինելու: Առկա սակավ միջոցներն ընտանիքի քաղաքականություններին ուղղելը կարող է դիմադրություն առաջացնել, ինչպես և այն, որ հարկ կլինի արագ փոխակերպել հասարակությունում տղամարդկանց և կանանց դերերին առնչվող ավանդական սոցիալական նորմերն ու կարծրատիպերը:

Այդ խութերի հաղթահարումը պահանջում է քաղաքական ուժեղ առաջնորդություն և փոփոխությունների գնալու պատրաստակամություն: Բայց հնարավոր օգուտները հսկայական են և մեծապես գերազանցում են ծնելիության մակարդակի սոսկական բարձրացումը: Քանի որ երբ երիտասարդները վստահություն են ունենում սեփական ապագայի նկատմամբ, և կանայք կարողանում են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակության բոլոր ոլորտներում ու դա անում են ո՛չ երեխա ունենալու հաշվին, ապա երկրների համար աճելու հավանականությունը մեծանում է ոչ միայն թվերի, այլև հնարավորությունների, կայունության և բարգավաճման առումով՝ գալիք քանի-քանի սերունդների համար:

Ալաննա Արմիտաժը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենն է: Տոմաշ Սոբոտկան գլխավորում է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Վիեննայի ժողովրդագրության ինստիտուտի պտղաբերության և ընտանիքի հարցերով հետազոտական խումբը:

Read the article in English

Մեկնաբանել