Կալանքը խոշտանգում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ․ պաշտպանական կողմ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր ևս ներկա չէր իր գործով դատական նիստին։ Դատարանում էր նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը։

Գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Պաշտպանական կողմը շարունակեց պնդել, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը «խոշտանգում է»։ Մեղադրող դատախազները առարկեցին՝ շեշտելով, որ ամբաստանյալի վիճակը վատթարացել է, քանի որ նա տևական ժամանակ հրաժարվել է դեղամիջոցներ ընդունելուց։

Այսօրվա նիստին որոշ ընթացակարգային հարցեր լուծվեցին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պարզող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համար։ Պաշտպանական կողմը ցանկանում էր, որ իրենց ներկայացրած փորձագետները ևս ընդգրկվեն հանձնաժողովում, սակայն դատարանը մերժեց՝ հայտնելով, որ նրանք դատարան չեն ներկայացել ու չեն իրազեկվել քրեական դատավարության նորմերի մասին։

Բացի այդ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց հանձնաժողովի կողմից դատարան հասցեագրված մի գրություն, որից պարզ դարձավ, որ խմբում ներգրավվել են նաև այլ փորձագետներ։ Դատարանը որոշեց այս փորձագետներին հրավիրել դատարան և նոր միայն ներգրավել, ուստի նիստը հետաձգվեց։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա կալանավորվել էր 2018-ի հունիսին։

Դեկտեմբերին նա ազատ արձակվեց՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ 2019թ․ հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել