Նախագահը բացատրել է՝ ինչու չի մասնակցում քաղաքական բանավեճին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել՝ ներկայացնելով, թե ինչու չի մասնակցում երկրում ընթացող քաղաքական բանավեճին։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին և այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը»,- ասված է ուղերձում: 

Նախագահը լիահույս է, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը:

«Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին: Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Ուղերձում նախագահը նշել է, որ վերջին շրջանում հանդիպել է և շարունակելու է հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, շահագրգռված են ու գործում են հանուն Հայաստանի և նրա ժողովրդի բարօրության:

Մարիա Եղիազարյան