Վերաքննիչը բավարարել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանների բողոքը

Օգոստոսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով պաշտպանական կողմի բերած բողոքը։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ այսպիսով դատարանը բեկանել է խուզարկությունը թույլատրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Երկու օրից, երբ ստանանք որոշումը, նաև պարզ կլինի, թե սա ինչ է նշանակում։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ խուզարկության թույլտվություն չպետք է տրվեր, իսկ մնացածը, թե ինչ պատճառաբանություններ է դատարանը բերել, պարզ կլինի, երբ որոշումը ստանանք»,- ասաց Վարոսյանը։

Հուլիսի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրել էր, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքով չնախատեսված գործողությամբ է կնքվել. «Քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ»,- ասված էր ԲԴԽ-ի հայտարարության մեջ։

Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Գրիգորյանը նույն դատավորն է, որը 2019-ի մայիսին կասեցրեց Մարտի 1-ի անջատված գործի վարույթը և Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորությունների հիման վրա կալանքից ազատեց այդ գործով անցնող առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել