Փաշինյանը «ազգային օրակարգ» է ներկայացնում Ստեփանակերտում

Լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանը ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կայքում հրապարակած հոդվածում վերլուծում է Ստեփանակերտում օգոստոսի 5-ի հանրավաքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Մինչ 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ դարձնելով 180 միլիարդ ԱՄՆ դոլար; ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն, ունենալ աշխարհի ամենաարդյունավետ բանակներից և հետախուզական ծառայություններից մեկը; Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր; նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ։

Սրանք օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հավակնոտ գաղափարներից էին։

Կոնկրետ նյութական նպատակներին զուգահեռ ՝ Փաշինյանը խոսեց նաև փիլիսոփայական վերափոխման մասին.

«Ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձևավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երևույթներ։ Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում … ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին։ Ուշադրություն՝ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը»։

Փաշինյանի կողմից Արցախի մայրաքաղաքի ընտրությունը այս «ազգային օրակարգը» բարձրաձայնելու վայր, հավանաբար, պայմանավորված էր մի քանի գործոններով:

Նախ, դա ևս մեկ առիթ էր ՝ ընդգծելու ազգային միասնությունը, երբ հանրահավաքը սկսվեց և ավարտվեց 1980-ականների վերջի Ղարաբաղյան շարժման «միացում» վանկարկումներով: Փաշինյանը վերահաստատեց, որ ինքը Արցախը տեսնում է որպես Հայաստանի մաս, նույնիսկ եթե դեռ այն քաղաքականապես Հայաստանի Հանրապետությանն ինտեգրված չէ:

Դա Հայաստանի առաջնորդի կողմից Ստեփանակերտում հղած նման առաջին հանրային ուղերձն էր, և այդ իմաստով աննախադեպ էր: Հայտարարված նպատակները նույնպես ավելի հավակնոտ էին, քան Սերժ Սարգսյանինը, որը երկու տարի առաջ ձգտում էր Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը հասցնել 4 միլիոնի:

Տեղի ընտրության մեկ այլ պատճառ էլ, հավանաբար, իրադարձային էր. օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի կունենա Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը, որն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ՝ ներգրավելով մարզիկների աշխարհի տարբեր ծայրերից, և որին Փաշինյանը նախատեսում է մասնակցել:

Ի վերջո, ելույթը հնչեց Արցախի և նրա կառավարության ու Հայաստանի միջև հարաբերությունների համար քաղաքականապես զգայուն ժամանակ: Արցախի ղեկավարությանը մարտահրավեր է նետել Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի կողմնակիցները հանրահավաքի մասնակիցների թվում էին և վանկարկումներով խանգարում էին նախագահ Բակո Սահակյանի ելույթը: Իր հերթին, Փաշինյանը բացահայտ դժգոհ էր Սահակյանից այն բանից հետո, երբ նա հանդես եկավ որպես երաշխավոր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, որին Փաշինյանը ցանկանում է բանտարկել 2008-ի հետընտրական դեպքերի համար:

Հիմա, երբ Սահակյանը Փաշինյանի օգնության կարիքն ունի՝ Բաբայանին հեռու պահելու համար, նա, ամենայն հավանականությամբ, հեռու կմնա Քոչարյանի դատավարությունից: Համատեղ հանրահավաքը հնարավորություն ընձեռեց «նոր գործարքի»՝ թարմացնելու անցած տարի հայտարարած համաձայնությունը, երբ Փաշինյանը սատարեց Սահակյանին 2018-ի հունիսին Ստեփանակերտում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ:

Ի դեպ, «Միացումը» 1988-91 թվականներին Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարված գաղտնի կազմակերպության անունն էր։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English

Մեկնաբանել