Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավական կայուն

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և Կարմիր խաչը, և պաշտպանության նախարարությունը, և անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում»,- ասաց նա։

Մնացականյանը հավելեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են. «Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»,- հայտնեց Մնացականյանը:

***

Ադրբեջանի ղեկավարության հետ օպերատիվ կապի հաստատման մասին 2018-ի սեպտեմբերին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ նա ասել էր, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով, և այն «ոչ թե բանակցային գործընթացի համար է, այլ միջադեպերի քննարկման»։

Մեկնաբանել