Բնապահպանության «հայտնի նախարարը» ապօրինի թույլտվություններ է տվել. գլխավոր դատախազ

Այսօր կառավարության նիստին քննարկվեց ձկնաբուծարաններին տրամադրված թույլտվությունների խնդիրը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց այս ոլորտին առնչվող մի քրեական գործի արդյունքները՝ պնդելով, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել:

«Մեկ քրեական գործ քննվեց Արարատի մարզի տարածքում՝ տրված թույլտվությունների հետ կապված։ Պարզվեց, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննության և կամայական կերպով թույլտվություններ էր տվել տնտեսվարողներին։ Քրեական գործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ ապօրինի իրականացվում է այդ արտադրությունը»,- ասաց գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազը չնշեց, թե որ նախարարի մասին է խոսքը։

Բնապահպանության նախարարությունը 2016-2018 թթ․ ղեկավարել է Արծվիկ Մինասյանը, 2014-2016 թթ․՝ Արամայիս Գրիգորյանը, 2007- 2014 թթ․՝ Արամ Հարությունյանը, 2001-2007 թթ․՝ Վարդան Այվազյանը։

Դատախազը մանրամասնեց, որ համապատասխան փորձաքննություն չի իրականացվել թույլտվությունները տրամադրելիս։

«Այդ նույն գործի շրջանակներում փորձաքննության պատճառված ահավոր վնասների մասին էր խոսքը, և առկա էին ռիսկեր։ Այստեղ, կարծում եմ, որ կառավարության ներգրավվման լուրջ և հրատապ անհրաժեշտություն կա։ Պետք է հասկանալ այդ տնտեսվարող սուբյեկտների մոտ ինչ է կատարվում։ Փաստ է, որ մենք ունենք տնտեսվարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, որը հղի է մեծ վտանգներով»,- ասաց գլխավոր դատախազը՝ խնդիրը համարելով հրատապ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ առաջացած խնդիրը պետք է այնպես լուծել, որ տնտեսությունը չտուժի. «Հիմա ի՞նչ պետք է անենք, եթե այդ թույլտվություններն ապօրինի են տրված, էլի շատ բարդ իրավիճակ է։ Ենթադրենք այդ երկու հարյուրն էլ գործող տնտեսություն են, նշանակում է՝ փաստացի բռնենք ու այդ տնտեսությունները փակե՞նք»։

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ հարկավոր է նոր մեխանիզմներ ներդնել ու վերահսկել իրավիճակը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ խնդիրը շատ նուրբ է։ Ըստ նրա՝ չի բացառվում, որ տնտեսվարողը դիմել է նախարարություն և չի էլ իմացել, որ գործընթացը ապօրինի է իրականացվում։

Նախարարն առաջարկեց տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու փոխարեն նրանց հնարավորություն տալ ողջ գործընթացը հընթացս անցնել, որպեսզի տնտեսությունը չտուժի։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել