Օրենսդրական մեխանիզմներ՝ «գողականների» դեմ պայքարելու համար

Կառավարությունը սկսում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը օրենսդրական մակարդակով։ Այդ նպատակով այսօր գործադիրի նիստին ներկայացվեց և հաստատվեց Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։

«Քրեական ենթամշակույթի (հատկապես բանտային ենթամշակույթի) արմատները սկիզբ են առնում ստալինյան «Գուլագ»-ի ժամանակաշրջանից, երբ խորհրդային քրեակատարողական համակարգում ստեղծվեցին հավաքական ճամբարներ, որտեղ գերիշխող դիրք էր գրավում հանցագործների եղբայրությունը։ Դրա ներկայացուցիչները, ստանալով «օրենքով գողի» կարգավիճակ, ձեռք էին բերում իրավունքներ և արտոնություններ՝ միևնույն ժամանակ ստանձնելով պարտականություններ՝ ի դեմս եղբայրության մյուս ներկայացուցիչների»,- ասված է Արդարադատության նախարարության նախագծում, որը ներկայացրեց նախարար Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարության՝ քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, և այն տարածված է քրեակատարողական հիմնարկներում։

«Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, տալիս է այնպիսի կարգադրություններ, որոնք ազդեցություն են ունենում այլ անձանց կյանքի, նրանց գործունեության վրա՝ անկախ նրանց համաձայնությունից, և ինչի արդյունքում սպառնալիքի և վախի ազդեցության տակ անձը զրկվում է ազատ գործելու իրավունքից»,- ասվում է նախագծում։

Նախագծով պարզաբանվում է, թե ինչ են նշանակում «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» և «քրեական աստիճանակարգություն» հասկացությունները։ Օրենքի տեսանկյունից՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին»։

Իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից համարվում է հեղինակություն և խմբավորման նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, իրականացնում է այլ գործառույթներ։

Քրեական աշխարհի դեմ պայքարելու համար նախագծով առաջարկվում է հետևյալը.

– Յոթից տասը տարի ժամկետով պատժել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար,

– Հինգից տասը տարի ժամկետով պատիժ սահմանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար,

– Այդ խմբավորմանը մասնակցողներին պատժել չորսից ութ տարի ժամկետով,

– Պատժել այն անձանց, ովքեր դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար,

– Պատիժներ են նախատեսված նաև պաշտոնատար անձանց կողմից այդ արարքների դիմելու համար, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում նման հանցագործություններ բացահայտելիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այս նախագծին, գրել է. «Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել