Ես կվերականգնեի այդ թռիչքները․ Լավրովը՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմ է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը․ այս մասին նա ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։

Հարցին, թե հունիսյան հայտնի իրադարձություններից հետո իրավիճակը հանդարտվել է, արժե՞ ակնկալել թռիչքների վերականգնում տեսանելի ապագայում, Լավրովը պատասխանել է․ «Ես այդ թռիչքները, երևի, կվերադարձնեի։ Եվ կարծում եմ՝ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաստանյան բնակչության մեծ մասը գիտակցել է այն արարքի ապակառուցողական, սադրիչ բնույթը, որը տեղի էր ունեցել վրացական խորհրդարանում»։

Ջրցան, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ․ Թբիլիսիում փորձել են պաշարել խորհրդարանի շենքը

Լավրովի խոսքով՝ ինքը մշատպես հանդես է եկել Վրաստանի հետ բարեկամության օգտին։

Պատասխանելով Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկման վերաբերյալ նախապատրաստվող որոշման մասին հարցին՝ Լավրովն ասել է․ «Այո, այն արդեն հրապարակվում էր․ այն հեշտ չէր, բայց հունիսյան արարքը իհարկե գործընթացը հետ գցեց»։

Մեկնաբանելով պնդումները, թե Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, փակել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը, ՌԴ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ իրենք ոչինչ չեն փակել․ դա չէր իրենց նպատակը։

Նա հաստատել է՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն իրեն շրջափակի, կցվի իր սահմաններին, այնտեղ զորավարժություններ անի և այլն։

«Բայց Աբխազիայում և Հարավային Օսիայում մենք գործել ենք՝ բացառապես ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանել