Արմեն Սարգսյանի նոր խորհրդականը կզբաղվի Պուտինի հետ հարաբերություններն ակտիվացնելով

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Ըստ թերթի՝ Ասատրյանը պետք է զբաղվի Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների ամրապնդմամբ, ինչպես նաև երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև շփումների ակտիվացմամբ։

«Կոմերսանտի» զրուցակիցներն ասել են, որ Գեորգի Ասատրյանին նշանակելու որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի երևանյան այցից հետո։Գեորգի ԱսատրյանըԹերթը նշում է, որ Արմեն Սարգսյանը երկրի ներքաղաքական գործընթացներում յուրատեսակ ստաբիլիզատոր է, որը, չնայած սահմանափակ լիազորություններին, արտաքին քաղաքականության ասպարեզում մեծ ազդեցություն ունի։

Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, Աֆղանստանի և ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական գործողությունների մասնագետ։ Նրա թեկնածուական աշխատանքի գիտական ղեկավարը եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ՖՍԲ-ի գեներալ Վասիլի Խրիստոֆորովը։ Ասատրյանը ելույթներով է հանդես եկել «Վալդայ» ակումբում և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդում։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել