Ինչպես ձախողել Հայաստանի երկու խոշոր ծրագրերը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կառույցի հանդիպմանը։ Այս կառույցի նախագահն է Արա Հովսեփյանը, որը նախկինում ղեկավարել է Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան ծրագիրը, ապա Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը։ Այս երկու ծրագրերն էլ խնդրահարույց են եղել չարաշահումների և կոռուպցիայի առումով։

«Հազարամյակի մարտահրավերների» դոլարներն ու խոտանը

«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հ/կ նախագահ Արա Հովսեփյանն այժմ Որոտան ՀԷԿ-երի համալիրի սեփականատեր «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության տնօրենն է: Նրա անունը կապվում է Հայաստանի վերջին տարիների երկու խոշոր ծրագրերի ձախողումների հետ:

Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարման ժամանակահատվածում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր իրականացրել, «էական չարաշահումներ» հայտնաբերել, և «անվստահություն ու խիստ նկատողություն էր հայտարարել Արա Հովսեփյանին»:

Այդ ծրագրի հետ կապված մի քանի սկանդալային մանրամասներ հրապարակվեցին մամուլում: Մասնավորապես 2012 թ․ «Առավոտ» օրաթերթը հարապարակեց ««Հազարամյակի մարտահրավերների» դասախոսությունների 16,6 և 6,6 միլիոն դոլարի պատասխանատվությունն իրար վրայից գցում են» վերտառությամբ հոդված: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի Ջրից դեպի շուկա բաղադրիչին վերաբերող ծախսերի միևնույն հաշվետվությունում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «ձեռքի տակ» հայտնվել էր 16,6 միլիոն դոլար, իսկ ֆինանսների նախարարության կայքէջում տեղադրված փաստաթղթում` 6,6 միլիոն դոլար ծախսելու մասին տվյալը: Այդ ընթացքում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ ՊՈԱԿ-ը, որը հինգ տարի ղեկավարել է Արա Հովսեփյանը, լուծարվեց: Այդպես էլ չարզաբանվեց ֆերմերների վերապատրաստման ծրագրում միլիոնավոր դոլարների «կորստի» մասին տեղեկատվությունը:

Մեկ այլ խնդիր էլ ծագեց 2011 թ․: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Արմավիրի մարզի Հովտամեջ և Ծիածան գյուղերի համար կառուցվող երրորդ կարգի ջրանցքի շինարարական աշխատանքներում խոտան հայտնաբերվեց: Պարզվեց, որ շինարարական ընկերությունը սխալ է նախագծել և մեծ կիսախողովակների փոխարեն տեղադրել է անհամեմատ փոքր կիսախողովակ: Գյուղացիների բողոքներից և տարածքային կառավարման նախարարության միջամտությունից հետո կիսախողովակները փոխվեցին: Այդ ժամանակ մամուլը ողողված էր նույն ծրագրով գյուղական համայնքներում ոռոգման համակարգերի կառուցման ընթացում նման «խոտանների» ու շինարարական աշխատանքների ձգձգումների մասին հրապարակումներով:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան 2006թ․ ծրագրում էր Հայաստանին հատկացնել 235 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար։

2008թ․ մարտմեկյան արյունալի իրադարձություններից և Երևանի քաղաքապետի վիճահարույց ընտրություններից հետո կորպորացիան հայտարարեց, թե վերանայում է Հայաստանում իր գործունեությունը, և 2009թ․ դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը՝ այդ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը։

Հյուսիս-հարավ՝ ձգձգվող ու թանկացող ճանապարհ

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ ստեղծված խնդիրների մասին հանրության հիշողությունն ավելի թարմ է: Այդ ծրագրի ճակատագիրն այժմ էլ մշուշոտ է:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկեր Արա Հովսեփյանը, որը ղեկավարել է ՄԻԱԿ կուսկացությունը, եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն: Նա այդ պաշտոնը զբաղեցրեց 2011թ․ նոյեմբերից մինչև 2013թ․ ապրիլը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հովսեփյանի հեռացման պատճառը Վերահսկիչ պալատի ստուգումներն ու բացահայտած չարաշահումներն էին: Հյուսիս-Հարավի ճանապարհաշինական աշխատանքները անորակ էին իրականացվել, հսկայական գումարներ մսխվել էին, իսկ ժամկետների ձգձգման պատճառով Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկին առնվազն 300 հազար դոլար տույժ էր վճարել:

Արա Հովսեփյանի նշանակումից երկու տարի անց շուրջ 1 մլրդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացման գործում ի հայտ եկան լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում կապված էին շինաշխատանքների ժամկետների հետաձգման ու որակի հետ:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2013թ․ հուլիսին «խայտառակություն» որակեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում իրականացվող վերահսկողությունը։

Մեկ տարի անց դադարեցվեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը: Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանն այդ ժամանակ հայտարարեց, որ ճանապարի շինարարությունը շատ դանդաղ է ընթացել։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել