Իտալիա 9-1 Հայաստան․ ազգային հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը

Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային։

Ինչպես հաղորդում է Armsport-ը, Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային ու հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին։

Իտալացիների կազմում երկուական անգամ աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, մեկական անգամ՝ Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ռիկարդո Օրսոլինին, Ժորժինյոն և Ֆեդերիկո Կիեզան։ Մեր հավաքականի միակ գնդակը խփեց Էդգար Բաբայանը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ խաղից հետո հայտարարել է․ «Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը»,-ասել է Խաշմանյանը»։

Մեկնաբանել