Վրաստանում՝ նոր քաղաքական ճգնաժամ․ զրույց վրաց վերլուծաբանի հետ

Նոյեմբերի 18-ին Վրաստանի իրավապահները ջրցան մեքենաներով ցրել են մի քանի օր Թբիլիսիում շարունակվող ցույցերը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բերման է ենթարկվել 37 անձ, այդ թվում՝ ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Ցուցարարները և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կատարվեն։

Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել էր սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում էր 2020-ից անցնել համամասնական ընտրակարգի։ Քվեարկությունից հետո ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ազդարարել Էին զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Նրանք պահանջում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական ընտրակարգով, ժամանակավոր կառավարության ձևավորում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում։

Эмиль Авдалиани։ Грузия близка к повторению сценариев 2003 и 2012 годов

Տարածաշրջանային հարցերով վրաց վերլուծաբան Էմիլ Ավդալիանին ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանել է վերջին զարգացումները՝ դրանք համեմատելով 2003-ի և 2012-ի իրադարձությունների հետ. «Եթե դիտարկենք Վրաստանի պատմության մի քանի տասնամյակների համատեքստում՝ հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, կարող ենք ասել, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունների միացումը տեղի է ունեցել երկու անգամ, և երկու անգամ տեղի են ունեցել փոփոխություններ կառավարությունում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2003-ին, երբ տեղի ունեցավ Վարդերի հեղափոխությունը, իսկ երկրորդ անգամ՝ 2012-ին, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանափոխություն եղավ։ Այս համատեքստում լուրջ բան է, որ գրեթե բոլոր կուսակցությունները որոշել են միանալ։ Եվ այս համատեքստում շատերը, բնականաբար, սպասում են, որ կհաջորդեն լուրջ փոփոխություններ»։

Ըստ վերլուծաբանի, սակայն, երկրում իշխանափոխություն անելու համար նախադրյալները նույնը չեն, ինչ 2003-ին և 2012-ին. «Տնտեսական վիճակը, ամեն դեպքում, այնքան բարդ չէ, որքան 2003-ին, և ժողովրդի դժգոհությունն այնքան մեծ չէ, որքան 2012-ին»։

Էմիլ Ավդալիանին չի կարծում, որ փաթեթի չընդունումը իշխող ուժի կողմից ծրագրված քայլ էր։ Խոսելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում ճգնաժամի և պառակտման մասին (կուսակցությունը լքել է 12 անդամ), նա ասաց. «Դեռ մոտ 9-10 հոգի էլ պետք է լքի կուսակցությունը, որ այն այլևս խորհրդարանական մեծամասնություն չլինի։ Եվ այդ ժամանակ նոր հնարավոր կլինի խոսել մասշտաբային ճգնաժամի մասին։ Այս պահին իշխող ուժին հաջողվել է կարգավորել ճգնաժամի առաջին ալիքը»։

Վերլուծաբանը անդրադարձավ նաև ԵՄ-ԱՄՆ դեսպանությունների միասնական հայտարարությանը, որում նրանք կոչ էին անում իշխանությանը երկխոսել ցուցարարների հետ։

«Շատ լուրջ հայտարարություն է։ Նույնիսկ եթե այս պահին կառավարությունում արմատական փոփոխություններ չլինեն, մոտակա տարին իշխող կուսակցության համար շատ բարդ կլինի, քանի որ ճնշումը միայն ներսից չէ՝ քաղաքի կենտրոնում կամ Վրաստանի այլ քաղաքներում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ակցիաները, այլ նաև՝ Արևմուտքից։ Արևմուտքում շատերը «Վրացական երազանքը» համարում են արևմտամետ, և կուսակցության համար շոկ է, որ իրեն այնտեղ բացեիբաց քննադատում են»,- ասաց Ավդալիանին։

Նա դժվարացավ պատասխանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի մասին հարցին՝ նշելով, որ «նա այս պահին այդքան էլ ակտիվ չէ, քանի որ տեսնում է իրավիճակի անորոշությունը»։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել