Սերժ Սարգսյանի «հետքերով». մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը կապված է դեկտեմբերի 4-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու գործով առաջադրված մեղադրանքի հետ։

Տե՛ս նաև՝ Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք ընկերություններ, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

«Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Եվ անտեսելով այս հանգամանքը, նախկին նախագահը «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

#CivilNet #News

Մեկնաբանել