Համոզված եմ՝ կեղծ մեղադրանք է․ Բարսեղ Բեգլարյան 

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է, որ տեղյակ չէ իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին։

«Ես տեղյակ չեմ, երկուշաբթի ինձ կանչել են հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)»,- ասել է նա իր գործով ընթացող դատական նիստի ընդմիջմանը։

(Բեգլարյանն անցնում է իր դեմ հարուցված մեկ այլ քրեական գործով, որը հարուցվել է 2018թ․ օգոստոստին։ Ըստ մեղադրանքի՝ Բեգլարյան իրեն պատկանող «Ֆլեշ» ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20 000 ԱՄՆ դոլար)։

Այժմ էլ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով (մոտ 1 միլիոն դոլար) գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, որում ներգրավված է նաև «Ֆլեշ» ընկերությունը։

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը միջնորդել է, որ իր ընկերությունը դիզվառելիք մատակարարի, Բեգլարյանը պատասխանեց. «Այդպիսի բան բացառված է, Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ»։

Բեգլարյանը հաստատեց, որ Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվել է 1,5-2 ամիս առաջ և առերեսում է եղել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ։ Արդյոք Կարապետյանը ցուցմունք տվե՞լ է Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես գրում է մամուլը․ այս հարցին Բեգլարյանը պատասխանեց. «Չեմ հիշում։ Էնքան անլուրջ եմ վերաբերվում դրան»։

Ըստ Բեգլարյանի՝ Սերժ Սարգսյանի հետ այս գործով առերեսում չի եղել, մեղադրանք առաջադրվելուց հետո նրա հետ դա չի քննարկել։ Բեգլարյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքը կեղծ է․

«Համոզված եմ, որ դա այքան փոքր գործ է, որ նույնիսկ ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջ քաշելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նրա գործունեությունը օրենքի տառին համապատասխան է»։

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի «փոքր» գործ ասելով, ինչին Բեգլարյանը պաստախանեց. «Որովհետև ստեղ գործ չկա, ինչպես ասացի, անլուրջ է, ծիծաղելի»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և իր ընկերությանը՝ Բեգլարյանն ասաց. «Նա իմ ընկերը եղել է, կա ու կմնա։ Դա գաղտնիք չէ»։

Լուսինե Վարդանյան

Կարդացե՛ք նաև՝

Սերժ Սարգսյանի «հետքերով». մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին

Մեկնաբանել