Մինսկում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ ցույց է տեղի ունեցել

Մինսկի կենտրոնում Բելառուսի և Ռուսաստանի «խորը ինտեգրման» դեմ ցույց է տեղի ունեցել։ Այսօր Սոչիում կայացել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության շրջանակում տնտեսական ինտեգրման խորացման հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում ցուցարարները դեմ են արտահայտվել Ռուսաստանի հետ ինտեգրմանը և հանդես եկել հանուն Բելառուսի անկախության: Նրանք չեն ցանկանում ճանաչել Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման փաստաթղթերը, եթե երկրների առաջնորդները ստորագրեն դրանք։

Գրեթե վեց ժամվա ընթացքում շարասյունով մարդիկ քայլում էին Մինսկի կենտրոնական հրապարակներով՝ վանկարկելով կարգախոսներ։ Հրապարակից ցուցարարները անցան Անկախության պողոտայով դեպի Կառավարության տուն, ապա շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 730 մարդ։ Ըստ Naviny.by կայքի տվյալների՝ ցույցին մասնակցել է մոտ հազար մարդ։

Ցուցարարները «կենդանի շղթա» ակցիա են անցկացրել. մոտ երկու հարյուր մարդ ձեռք ձեռքի տված կանգնել է Անկախության պողոտայի երկայնքով։

Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակից Տատյանա Մելնիչուկը, ցուցարարները պատռել են Պուտինի մոտ տասնյակ փոքր դիմանկարներ, սակայն թղթի կտորները հավաքել են՝ չաղտոտելով հրապարակը:

Մինչ հանրահավաքը, Ինչպես գրում է Naviny.by կայքը՝ Հանրապետության պալատի աստիճանների վրա քաշքշուկ է տեղի ունեցել ցույցի մասնակիցների և ուժայինների միջև, որոնք փորձել են մարդկանց չթողնել շենքի մոտ։ Պարբերականի տվյալներով՝ ոստիկանները հրամաններ են տվել՝ «հանգիստ, ոչ ցուցադրական, առանց ձեռքերի»։

Ոստիկանությունը, ըստ Tut.by կայքի, ցուցարարներին չի ձերբակալել, բայց զգուշացրել է, որ հանրահավաքն անօրինական է և առաջարկել է ցրվել։ Հանրահավաքի լուսանկարներում երևում են «ոչ ռուսական ֆաշիզմին և բանդիտիզմին», «This is not integration – this is occupation» («սա ինտեգրում չէ, սա օկուպացիա է») կարգախոսներով պաստառներ:

Ընդդիմության առաջնորդները կոչ են արել բողոքի ցույցը շարունակել կիրակի։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել