Չնայած դրական փոփոխություններին՝ զինծառայությունից խուսափողների թիվը չի նվազում. Դավիթ Տոնոյան

ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում որոշվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի 1-ից չերկարաձգել: Օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Նախագիծը ներկայացրեց pաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ չնայած զինծառայության գրավչության բարձրացմանն ուղղված վերջին շրջանում կատարվող փոփոխություններին, երկիրը լքելու ճանապարհով զինծառայությունից խուսափողների թիվը չի նվազում:

«Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը, ինչը արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նախարարը:

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել