Յոթ կետ, թե ինչու առողջության ապահովագրության հայեցակարգը վատն է

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը, կարծում եմ՝ վատ նախագիծ է: Ինչու՞: Կենտրոնանամ էության վրա ու փորձեմ գրել հնարավորինս պարզ:

1. Հայեցակարգը 52 էջ է, որից 25-ը պատմական ակնարկ է ու մոտ 20 էջն է համակարգի մասին, որի հիմնական մեսիջն է՝ մեզ տվեք ձեր փողերը, մենք կլուծենք առողջապահության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները:

2. Նախագծով թափանցիկ հատվածը վճարում է (չգիտես թե ինչու) ոչ թափանցիկ աշխատող մարդկանց համար: Ու ընդհանրապես չաշխատող մարդկանց համար:

3. Ստեղծվելու է կենտրոնացված, պետական մի հսկա նոր համակարգ, ով մեզ համար գնելու է առողջություն` իր բացասական բոլոր դրսևորումներով (հանրային անարդյունավետություն, կոռուպցիա (չասեք՝ նոր Հայաստանում այդպիսի բան չկա), ռեսուրսների վատնում, վարչական ահռելի ծախսեր (կարծում եմ՝ հավաքագրվող գումարի 30%-ը)): Կարելի է առաջարկվող հիմնադրամի կառավարման առաջարվող մոդելի մասին բացասական դիսերտացիա գրել, բայց սա այդ տեղը չէ:

4. Նախագիծն ասում է, որ սա ուղղված է բնակչության սոցիալական համերաշխությանը: Իսկ ո՞վ ասաց, որ ես համերաշխ եմ ուզում լինել նախարարության թելադրանքով: Կուտակայինը այլ բան էր ասում: Մասնավորապես, կուտակայինի մեսիջն է՝ «կուտակիր հենց ինքդ քեզ համար», քանի որ փորձը ցույց տվեց՝ համերաշխություն չի կարող լինել:

5. Նախագիծն ասում է, որ մենք՝ աշխատողներս, կարող ենք մասնավոր ապահովագրական ընկերություններից գնել կամավոր ապահովագրություն: Է հիմա էլ կարող ենք: Փաստորեն առաջարկվում է, որ պետությունը «փոշեծծի» մասնավորի փողերը:

6. Նախագիծն ասում է՝ «դիտարկումները ցույց են տալիս, որ սահմանափակ ֆինանսական միջոցների առկայության դեպքում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական և երեխաների մահացության ցուցանիշների նվազման տեսքով»: Էհ, եթե այդ ցուցանիշները լավացել են, ապա ինչո՞ւ եք ուզում մտնել աշխատող մարդկանց գրպանը:

7. Հայեցակարգը չի առաջարկում նորարարություն, միջազգային մասնավոր ներդրումներ, կապ աշխարհի առողջապահական համակարգերի հետ ու զարգացումների հետ:

Եվ վերջում՝ հայացեկարգը մի թեթև «մուննաթ» է գալիս։ Բա թե՝ գիտե՞ք ի՞նչ՝ պետություն կրճատել է ձեր եկամտահարկը, էնպես որ մի բողոքեք: Այս փողը մեզ պետք է:

Հիասթափեցնեմ, որ եկամտահարկի նվազեցումը չափազանց ուշացած էր, ու մեր բյուջեն ու տնտեսությունը բավական երկար կորուստներ ունեցան այդ ռեֆորմի ուշացման պատճառով (նաև նախորդ կառավարությունների մեղքով): Այնպես որ, այդ ռեֆորմով լավ բան են արել, հիմա կարծես տեղը ուզում են հանել:

#միարեք

Վարուժան Ավետիքյանը TK&Partners ընկերության գործընկեր է, Կենտրոնական բանկի նախկին գլխավոր իրավաբանը։

Մեկնաբանել