Թուրքիայի խորհրդարանն արտոնել է Լիբիայում թուրքական զորքերի տեղակայումը

Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս թուրքական զորքեր ուղարկել Լիբիա. հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Օրինագծի օգտին քվեարկել է 325 պատգամավոր, դեմ՝ 184: Կողմ քվեարկել են իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Օրինագծին դեմ են գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության, «Երջանկություն կուսակցության», Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

Անկարան հայտարարում է, որ զորքերի տեղակայումը Լիբիայում կենսական է այդ երկրում և արևելյան Միջերկրական տարածաշրջանում իր շահերի պաշտպանության տեսանկյունից, մինչդեռ ընդդիմությունը պնդում է՝ այդ քայլով Թուրքիան կարող է ներքաշվել մեկ այլ հակամարտության մեջ և դրա փոխարեն կարող է հարցին տալ դիվանագիտական լուծում:

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Լիբիան պաշտոնապես դիմել է Թուրքիային օդային, ցամաքային ու ծովային օգնության խնդրանքով:

Մեկնաբանել