Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով․ լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Խնդրում եմ՝ հոդվածին առերևույթ չխաբնվեք, որ եթե 110-րդ հոդված է, ունենք հետևյալ դեպքը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահի տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել», – նշեց Մելիքյանը։

«Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Վաղն արդեն դատաբժշկական փորձագետների փորձաքննության արդյունքում ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, բնույթը», – հայտնեց նա։

Քննչական կոմիտեի պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը, ինչպես պարզել են, «օրինական, պարգևատրման ճանապարհով ստացած զենք է»։

«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ այդ սենյակում, որտեղ որ դին հայտնաբերվել է։ Հայտնաբերվել են երեք, թե չորս տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ, բայց կոնկրետ, որ ասեմ՝ 51, 31 կամ 41, քանակով չեմ կարող ասել»,- ասաց Մելիքյանը։

Այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կուտոյանը Քննչական կոմիտեում կամ Հատուկ քննչական ծառայությունում քննվող որևէ գործի շրջանակում չի հարցաքննվել, կարգավիճակ չի ունեցել։

Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ Որպես ԱԱԾ տնօրեն պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։

Կարդացե՛ք նաև՝

Ո՞վ է փորձել Վիքիպեդիայից ջնջել Գեորգի Կուտոյանի մասին հոդվածը. փորձագետ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Մեկնաբանել